Հոդված 29. Բանկի պարտավորությունների մարման հերթականությունը
Հոդված 29. Բանկի պարտավորությունների մարման հերթականությունը
1. Լուծարված բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հաջորդականությամբ`
առաջինը` խնամակալի, լուծարային կառավարչի և Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի դրույթների կիրառման ընթացքում կատարված անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը.
երկրորդը` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ կամ ավանդ են տրամադրել բանկի նախնական խնամակալության նշանակումից հետո.
երրորդը` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները` մինչև 200.000 դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.
չորրորդը` երրորդ հերթում չընդգրկված բանկային ավանդները.
հինգերորդը` բանկերի այլ պահանջները, որոնք բխում են վճարահաշվարկային և թղթակցային հարաբերություններից` բացառությամբ միջբանկային վարկերից բխող պահանջների.
վեցերորդը` աշխատանքային գործունեության ընթացքում բանկի աշխատակիցների առողջությանը կամ կյանքին պատճառված վնասների հետ կապված պահանջները.
յոթերորդը` բանկի աշխատակիցների աշխատավարձը` բացառությամբ բանկի ղեկավարների, բայց ոչ ավելի բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատավարձի եռապատիկից.
ութերորդը` պետական բյուջեի նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.
իններորդը` պարտատերերի այլ պահանջները:
2. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:
3. Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:
4. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու համար, ապա դրանք բավարարվում են համամասնորեն:
5. Սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացված պահանջները բավարարվում են ներկայացված բոլոր պահանջների բավարարումից հետո: Գրավով ապահովված նման պահանջների տոկոսագումարները հաշվարկվում են դրանք սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված կարգով գրանցելու պահից` գրավի արժեքի սահմաններում:
6. Բոլոր պահանջների բավարարումից հետո բանկի մնացած միջոցները բաշխվում են բաժնետերերի (մասնակիցների) միջև` նրանց մասնաբաժիններին համամասնորեն: