Հոդված 55. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀՍԿԻՉԸ
Հոդված 55. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀՍԿԻՉԸ
Վերահսկիչ հանձնաժողովը ձեռնարկության այն մարմինն է, որը հետևում է ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների), և վարչության (խորհրդի) որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում նշված այլ գործունեության իրականացմանը:
Վերահսկիչ հանձնաժողով պարտադիր կերպով ստեղծվում է իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ձեռնարկություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկությունների հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կարգով, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններում կարող են ստեղծվել սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:
Վերահսկիչ հանձնաժողովը կարող է ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջել ձեռնարկության ղեկավարից և այլ աշխատողներից: Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նշված կարգով իր հաշվետվությունը ներկայացնել ձեռնարկության ղեկավար մարմնին` ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին: Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) և ղեկավար մարմնի անդամները:
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կարող է նախատեսվել, որ ձեռնարկության փաստաթղթերի ստուգումը և վերահսկման մյուս ֆունկցիաները իրականացնի վարձատրվող հսկիչը (հսկիչները), որը պետք է հաշվետու լինի միայն ձեռնարկության ղեկավար մարմնին: Հսկիչի դերում կարող է հանդես գալ նաև համապատասխան մասնագիտացված ձեռնարկությունը: Որպես հսկիչ չեն կարող հանդես գալ ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը), հիմնադիրը (հիմնադիրները), ղեկավարը (տնօրենը) և ղեկավար մարմնի անդամները:
Հսկիչը պետք է իրավունք ունենա հսկողություն սահմանելու ձեռնարկության նյութական և ֆինանսական արժեքների ու բանկային հաշիվների վրա, տեղեկություններ ստանալու նրանց շարժի և փոփոխման մասին: Հսկիչը պարտավոր է ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նշված կարգով նրա ղեկավար մարմնին ներկայացնել հաշվետվություն ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների օրինականության և իրականությանը համապատասխանելու մասին: Հսկիչը կարող է միաժամանակ սպասարկել մեկից ավելի ձեռնարկությունների և պարտավոր է այդ մասին հայտնել այն բոլոր ձեռնարկություններին, որտեղ նա իրականացնում է իր գործունեությունը:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հսկիչների ազատումը կամ վերընտրությունը կարող է իրականացվել միայն ձեռնարկության ղեկավար մարմնի կողմից:
Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովի և ձեռնարկությանը սպասարկող վճարովի հսկիչների մասին տվյալները և դրանց փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հայտնվեն ձեռնարկության գործերը վարող պետական գրանցման մարմնին: