Հոդված 5
Հոդված 5.
Տեղեկության տրամադրման պահանջը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կասկածելի գործարքների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործարքների մասին տեղեկացնել Լիազորված մարմնին:
Սույն օրենքի իմաստով գործարքի մասին իմանալու պահ է համարվում այն պահը, երբ հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի հետ կնքել է գործարքը, կամ միջնորդել է դրա կնքման համար կամ այլ կերպ տեղեկացվել է նման գործարքի կնքման կամ դրա կնքման հնարավորության մասին, կամ գործարքի կնքումից հետո հաշվետվություն տրամադրող անձի մոտ գործարքի վերաբերյալ կասկած է առաջացել:
2. Հաշվետվություն տրամադրող անձը, նրա աշխատակիցները, գործակալներն ու ներկայացուցիչներն իրավունք չունեն այլ անձանց, ինչպես նաև այն անձին, որի վերաբերյալ տեղեկություն է տրամադրվում Լիազորված մարմնին, հայտնելու տեղեկության տրամադրման փաստի մասին:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-251-Ն):
3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն օրենքով նշված տեղեկությունները, ինչպես նաև բանկերի կողմից Լիազորված մարմնին տեղեկություն տրամադրելու փաստի վերաբերյալ տեղեկությունները բանկերից կարող են ստանալ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ հաշվետվություն տրամադրող այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
4. Տեղեկության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքում՝ նաև (կամ) էլեկտրոնային եղանակով:
5. Սույն օրենքով սահմանված կարգով տեղեկության տրամադրման փաստը չի կարող հաճախորդի կամ երրորդ անձի կողմից տեղեկությունը տրամադրած անձին կամ նրա աշխատակցին, ներկայացուցչին կամ գործակալին ներկայացված վնասների հատուցման պահանջը բավարարելու հիմք հանդիսանալ: (5-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)