Հոդված 3
Հոդված 3.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
ա) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքների կատարմամբ ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակի նախատեսված դեպքերում՝ նաև քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ.
բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների հետ կապված գործարք կնքելը, այդ եկամուտները ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օգտագործելը, որը նպատակ է հետապնդում թաքցնել կամ խեղաթյուրել այդ եկամուտների կամ դրանց նկատմամբ իրավունքների բնույթը, ծագման աղբյուրները, այդ եկամուտների գտնվելու վայրը, շարժը կամ իրական պատկանելությունը.
գ) ահաբեկչության ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքը.
դ) հաշվետվություն տրամադրող անձինք՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, գրավատները, գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմինները, օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործարքներ վավերացնող անձինք, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձինք, խաղատները, հավատարմագրային կառավարում իրականացնող անձինք, ապահովագրական գործունեություն իրականացնող անձինք, ինվեստիցիոն գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունները (ներառյալ` դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները).
ե) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները.
զ) Լիազորված մարմին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` սույն օրենքով սահմանված մարմինը.
է) պարտադիր վերահսկողություն՝ դրամական միջոցների կամ այլ գույքի հետ կապված գործառնությունների վերահսկողության գծով Լիազորված մարմնի կողմից ձեռնարկվող միջոցառումների ամբողջություն, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրվող և ստուգման ենթակա տեղեկության հիման վրա.
ը) երրորդ անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ կամ հաճախորդի հաշվին կամ հօգուտ հաճախորդի կատարում է կամ իրավունք ունի կատարելու իրավաբանական կամ փաստացի գործողություններ: