Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
ա) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարմամբ ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակի նախատեսված դեպքերում՝ նաև քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ.
բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (փողերի լվացում)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը.
գ) ահաբեկչության ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքը.
դ) հաշվետվություն տրամադրող անձինք՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, գրավատները, գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմինները, օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործարքներ վավերացնող անձինք, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձինք, խաղատները, հավատարմագրային կառավարում իրականացնող անձինք, ապահովագրական գործունեություն իրականացնող անձինք, ինվեստիցիոն գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունները (ներառյալ` դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները).
ե) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները.
զ) Լիազորված մարմին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` սույն օրենքով սահմանված մարմինը.
է) պարտադիր վերահսկողություն՝ դրամական միջոցների կամ այլ գույքի հետ կապված գործառնությունների վերահսկողության գծով Լիազորված մարմնի կողմից ձեռնարկվող միջոցառումների ամբողջություն, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրվող և ստուգման ենթակա տեղեկության հիման վրա.
ը) երրորդ անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ կամ հաճախորդի հաշվին կամ հօգուտ հաճախորդի կատարում է կամ իրավունք ունի կատարելու իրավաբանական կամ փաստացի գործողություններ:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-205-Ն)