Հոդված 15
Հոդված 15.
Տեղեկությունների հավաքագրման առանձնահատկությունները
1. Հաճախորդի համար հաշիվ բացելու և վարելու դեպքում բանկը պարտավոր է պարզել հաճախորդի՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով տրամադրման ենթակա տեղեկությունները:
Հաճախորդի, պարտատիրոջ կամ այլ անձի կողմից որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ՝ մեկ այլ անձի հանդես գալու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարզել այդ բանկային հաշվի կամ գործառնության իրական բենեֆիցիարին, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով հավաքագրել գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ՝ բանկի կամ վարկային կազմակերպության ներքին ակտերով նախատեսված տեղեկությունները:
Սույն մասով նշված գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տեղեկությունների պարզումը պարտադիր չէ, եթե որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ հանդես է գալիս ֆինանսական շուկաներում որոշակի ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձը:
2. Եթե հաճախորդը, պարտատերերը կամ պայմանագրի կողմ հանդիսացող այլ անձ օֆշորային երկրում կամ տարածքում գրանցված և (կամ) գործող իրավաբանական անձ է, տվյալ պետության օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ կամ ֆիզիկական անձ է, ապա բանկը կամ վարկային կազմակերպությունը սույն օրենքով և իր ներքին ակտերով սահմանված կարգով պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձանց կենսական շահերի կենտրոնը և եկամտի աղբյուրները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները պարզվում են նաև, եթե անձը հանդիսանում է բարձր ռիսկ առաջացնող հաճախորդ: Բարձր ռիսկ առաջացնող հաճախորդների ցանկը և չափանիշները հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Բարձր ռիսկ առաջացնող հաճախորդների հետ գործարքները կնքվում են բանկի կամ վարկային կազմակերպության գործադիր մարմնի որոշմամբ:
4. Բանկն իրավունք ունի մերժելու հաշիվ բացելու, հաշիվ փակելու կամ այլ գործարք (գործառնություն) կատարելու վերաբերյալ հաճախորդի դիմումը, եթե հաշվին մուտքագրվող միջոցները կամ ապագա հաշվետերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:
5. Հաճախորդների, պարտատերերի կամ պայմանագրի կողմ հանդիսացող այլ անձանց վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության հավաքագրած՝ սույն օրենքով նախատեսված տեղեկությունները, այդ թվում՝ նրանց իրականացրած կասկածելի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, բանկը կամ վարկային կազմակերպությունը թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով պետք է պահպանի առնվազն հինգ տարի: