Հոդված 48. ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 48. ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սահմանադրական դատարանի նիստում որպես մասնագետ կարող է հրավիրվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի արդյունքով:
Մասնագետը սահմանադրական դատարանի նախագահի կողմից զգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
Սահմանադրական դատարանը որոշում է մասնագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:
Մասնագետն իրավունք ունի`
1) սահմանադրական դատարանի թույլտվությամբ ծանոթանալ գործի նյութերին.
2) սահմանադրական դատարանի թույլտվությամբ հարցեր տալ կողմերին և վկաներին.
3) իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ հարուցել:
Եզրակացության շարադրումից հետո մասնագետը պարտավոր է պատասխանել դատարանի անդամների և կողմերի հարցերին:
Եզրակացությունը գրավոր ներկայացվում է սահմանադրական դատարան` մասնագետի ստորագրությամբ: