Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները
Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների:
2. Պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 30 մլն դրամը: Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության, ինչպես նաև նոտարական գործունեության վրա:
3. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով.
բ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները.
գ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին գերազանցում է մեկ մլն դրամը.
դ) տվյալ տարվա հունվարի 1-ին 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը) ունեցող անձինք.
ե) վարկային կամ ապահովագրական կազմակերպությունները, ներդրումային հիմնադրամները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողները (բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների).
զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.
է) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:
4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև պետական գրանցման եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարող` պետական գրանցում ստանալու օրվանից:
4.1. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ., խմբ., լրաց. 14.12.01 ՀՕ-284, փոփ., լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն)