Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 41. Ազգային հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը».
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայերենին։
Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով՝ անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից։».
3) 2-րդ մասի «ա» կետը «անդամները» բառից հետո, իսկ «բ» կետը «ղեկավարները» բառից հետո լրացնել «և նրանց փոխկապակցված անձինք» բառերով.
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» կետերով.
«դ) այն անձը, որը դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները և պետական ծառայողները։».
5) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով։»։