Հոդված 4
Հոդված 4
Փոխադրումներ, որոնց համար չի պահանջվում թույլտվություն
1. Թույլտվություն չի պահանջվում հետևյալ դեպքերի համար.
ա) դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ հաճախակի բեռնափոխադրումներ` այն դեպքերում, երբ ներգրավված են օդային ծառայությունները.
բ) ուղևորատար փոխադրամիջոցների վրա կցասայլերով ուղեբեռի տեղափոխման դեպքում և ցանկացած տիպի մեքենայով դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղեբեռի տեղափոխում.
գ) փոստի փոխադրում.
դ) վնասված կամ վերանորոգման կարիք ունեցող փոխադրամիջոցների փոխադրում.
ե) ձերբազատվելու նպատակով կենդանիների մարմինների տեղափոխում.
զ) մեղուների կամ մանրաձկան փոխադրում.
է) հուղարկավորման նպատակով փոխադրում.
ը) փոխադրամիջոցներով բեռների փոխադրում, որի ընդհանուր թույլատրելի բեռնման քաշը, ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 6 տոննան, կամ որի թույլատրելի օգտակար բեռնվածությունը, ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 3,5 տոննան.
թ) արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ բեռնափոխադրումներ, մասնավորապես, բնական աղետներին և մարդասիրական օգնություններին արձագանքելու դեպքում.
ժ) հատուկ մեքենաներով արժեքավոր բեռների (թանկարժեք մետաղներ) տեղափոխում.
ժա) ծովային և ներքին ջրային ուղիների նավերի ու ինքնաթիռների համար պահեստամասերի փոխադրում.
ժբ) չբեռնավորված այն փոխադրամիջոցի երթի համար, որն ուղարկվել է փոխարինելու փոխադրամիջոցի գրանցման վայրից տարբերվող այլ պետությունում գտնվող` անսարքություն ունեցող փոխադրամիջոցին, ինչպես նաև փոխարինված փոխադրամիջոցով փոխադրումը շարունակելու դեպքում` անսարք վիճակում գտնվող փոխադրամիջոցի համար տրամադրված թույլտվության հիման վրա.
ժգ) տոնավաճառների և ցուցահանդեսների համար արվեստի աշխատանքների և առարկաների փոխադրում.
ժդ) գովազդի կամ ուսուցողական նպատակներով ապրանքների հաճախակի փոխադրում.
ժե) սարքավորումների, հարմարանքների և կենդանիների փոխադրում թատերական, երաժշտական, սպորտային միջոցառումներ, կինո կամ կրկես, ցուցահանդեսներ կամ տոնավաճառներ, ինչպես նաև ռադիոձայնագրությունների կամ ֆիլմերի և հեռուստատեսային թողարկումների համար և հակառակ ուղղությամբ.
ժզ) մասնավոր դեպքերում անբաժանելի իրերի փոխադրման ժամանակ, որը կատարվում է ավտոմոբիլային փոխադրամիջոցով, և որի կապակցությամբ անհատական ուղևորության համար, համապատասխան ազգային կանոնակարգերի համաձայն, տրվել է բացառիկ թույլտվություն:
2. Համատեղ հանձնաժողովի շրջանակներում (հոդված 10) Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել, որ որոշակի կամ բոլոր բեռների փոխադրումը, որը կատարվում է հատուկ երթուղով, ազատվի թույլտվության պահանջներից:
3. Փոխադրողը պետք է ապացուցի, որ ազատված չբեռնավորված երթերը կատարվում են համաձայն 1-ին և 2-րդ պարբերություններում նշված փոխադրման: Ըստ 1-ին և 2-րդ պարբերությունների ազատված փոխադրման հետ կապված` չբեռնավորված երթն ապացուցվում է բեռնագրի միջոցով, կամ ներկայացնելով և այնուհետև հետ ստանալով քվոտային թույլտվությունը: