Հոդված 13. Եկամտային հարկի հաշվարկման կարգը և հաշվարկների ներկայացումը
Հոդված 13. Եկամտային հարկի հաշվարկման կարգը և հաշվարկների ներկայացումը
1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած և տվյալ ամսում փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների, ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները: Ընդ որում, սույն մասով սահմանված նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը բավարար չէ սույն հոդվածով սահմանված նպաստները վճարելու համար, ապա հարկային գործակալը նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցվում է պետական բյուջեից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են մասնավորապես`
1) անհատական տեղեկություններ (անուն, ազգանուն, հայրանուն, բնակության (հաշվառման) վայրի հասցե, սոցիալական քարտի համարը) տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասսիվ եկամուտներ ստացող) ֆիզիկական անձանց, նրանց համար հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաև «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ.
2) ամփոփ տեղեկություններ տվյալ հարկային գործակալից բացառապես պասսիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասսիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:
3. Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա եկամուտներից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս, որն արտացոլվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հաշվարկում:
4. Հարկային գործակալները նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ: