Հոդված 20. Եկամտային հարկի նվազագույն գումարը
Հոդված 20. Եկամտային հարկի նվազագույն գումարը
1. Սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտային հարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության մեկ տոկոսից պակաս լինելու դեպքում հարկ վճարողը (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մասի) պարտավոր է կատարել նվազագույն եկամտային հարկի եռամսյակային վճարումներ:
2. Նվազագույն եկամտային հարկը վճարվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից` մեկ տոկոս դրույքաչափով:
3. Նվազագույն եկամտային հարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադրանքի) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի:
Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:
4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրման ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն եկամտային հարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:
5. Նվազագույն եկամտային հարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտային հարկից: