Հոդված 8. Գյուղատնտեսական արտադրանքից ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում
Հոդված 8. Գյուղատնտեսական արտադրանքից ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում
1. Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը սույն հոդվածով սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացման ենթակա եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը: Այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարում տասը տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից սույն մասով սահմանված նվազեցում չի կատարվում:
2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
1) հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
2) տեխնիկական մշակաբույսերը.
3) պալարապտղային, բանջարաբոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
4) դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
5) կերարտադրության այլ արտադրանքը.
6) պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
7) ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.
8) ծառերի և թփերի սածիլները.
9) ծառերի և թփերի տնկիները.
10) անասնաբուծության արտադրանքը.
11) խոզաբուծության արտադրանքը.
12) ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
13) թռչնաբուծության արտադրանքը.
14) ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.
15) եղջերաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
16) ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
17) ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացման ենթակա եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտային տվյալների վրա: