Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 19. Եկամտային հարկի կանխավճարները

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Եկամտային հարկի կանխավճարները

1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտային հարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային մարմիններին:

4. Այն հարկ վճարողը, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտային հարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտային հարկի գումարի հաշվարկումը հարկ վճարողը եկամտային հարկի կանխավճարները առաջին անգամ մարտի 15-ից ոչ ուշ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի չափից ոչ պակաս:

5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող օբյեկտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտային հարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկ վճարողը վճարում է տույժ` փաստացի եկամտային հարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը:

6. Հարկ վճարողը հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող օբյեկտից, հաշվարկում է եկամտային հարկի գումարը` դրանից հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:

7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտային հարկի գծով, և հարկ վճարողը պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտային հարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտային հարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:

9. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մասով հարկ վճարողները եկամտային հարկի կանխավճարային մուծումները կատարում են յուրաքանչյուր ամիս 5000 դրամի չափով` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։