Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

Հոդված 6. Նվազեցվող եկամուտները

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Նվազեցվող եկամուտները

1. Սույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարվող կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի հարկվող եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.

4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով պետության կողմից հարկ վճարողի համար կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` պետության, գործատուի) կատարած կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչև կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները.

7) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները.

8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրվող միանվագ վճարները.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան վճարվող ալիմենտները (ապրուստավճարները).

11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացման ենթակա եկամուտները.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացման ենթակա գույքը և դրամական միջոցները.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.

15) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները.

16) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.

17) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացման ենթակա գումարները, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացման ենթակա գումարների.

18) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները.

19) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

20) ստացման ենթակա վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).

21) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով օգնության գումարները.

22) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում և մրցություններում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.

24) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

26) պետական պարգևները (մրցանակները).

27) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցման ենթակա գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրված և հատուցման ենթակա տոկոսների.

28) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները.

29) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները.

30) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանությամբ տրամադրվող պարգևավճարները և բոնուսները.

31) ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների` ձեռագործ գորգերի իրացումից ստացման ենթակա եկամուտը.

32) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման` յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։