Հոդված 22. Դատախազների և քննիչների նշանակման և ազատման կարգը
Հոդված 22. Դատախազների և քննիչների նշանակման և ազատման կարգը
Գլխավոր դատախազին նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` վարչապետի առաջարկությամբ:
Գլխավոր դատախազի տեղակալներին և դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55 հոդվածով նախատեսված կարգով:
Մյուս դատախազներին և քննիչներին նշանակում և ազատում է գլխավոր դատախազը` սույն օրենքով սահմանված կարգով:
Դատախազ կամ քննիչ չի կարող լինել հանցագործության համար դատապարտված անձը:
Գլխավոր դատախազի տեղակալ, Երևան քաղաքի դատախազ, մարզի դատախազ կամ համայնքների (համայնքի) դատախազ կարող է լինել 30 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ և ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում:
Այլ դատախազ կարող է լինել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում:
Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, ըստ մասնագիտության գործնական աշխատանքի փորձ չունենալու դեպքում` մեկ տարվա ընթացքում անցել է ստաժավորում և հանձնել համապատասխան քննություն:
Պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվելու համար դատախազություն դիմած քաղաքացիներից արդարադատության խորհրդին թեկնածուներ առաջարկում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալը կամ այլ ստորադաս դատախազն ազատվում է զբաղեցրած պաշտոնից`
1) իր ցանկությամբ.
2) առողջական վիճակի պատճառով` աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
3) այլ պաշտոնում ընտրվելու կամ իր ցանկությամբ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ.
4) 65 տարին լրանալու դեպքում.
5) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելու կապակցությամբ.
6) ծառայողական անհամապատասխանության դեպքում: