Հոդված 7
Հոդված 7
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության շրջանակներում մի Կողմի իրավասու մարմիններից մյուս Կողմի իրավասու մարմիններին փոխանցվող անձնական բնույթի տեղեկությունների (այսուհետ` տեղեկություններ) պաշտպանության նպատակով և աձնական բնույթի տեղեկությունների պաշտպանության մասին ազգային օրենսդրությանը համապատասխան` գործում են հետևյալ պայմանները.
1. Մի Կողմի իրավասու մարմինները, որոնք, ի պատասխան իրենց հայցի, ստացել են տեղեկություններ, դրանք հաղորդած իրավասու մարմիններին տեղեկացնում են դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը կարող են տեղեկություններ տրամադրել միայն Կողմերի իրավասու մարմիններին: Ստացված տեղեկությունները մի Կողմի իրավասու մարմինների կողմից կարող են փոխանցվել այլ հաստատությունների միայն դրանք տրամադրած մյուս Կողմի իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնությամբ:
3. Տեղեկություններ փոխանցող Կողմը պարտավոր է վստահ լինել դրանց ճշգրտության, ինչպես նաև դրանք հաղորդելու անհրաժեշտության և ենթադրվող նպատակներին դրանց համապատասխանության վերաբերյալ: Այն դեպքում, երբ փոխանցվել են սխալ կամ փոխանցման ոչ ենթակա տեղեկություններ, դրանք փոխանցած մի Կողմի իրավասու մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դրանք ստացած մյուս Կողմի իրավասու մարմնին: Ընդ որում` տեղեկություններ ստացած իրավասու մարմինը պարտավոր է ուղղումներ կատարել սխալ տեղեկություններում կամ անհապաղ ոչնչացնել փոխանցման ոչ ենթակա տեղեկությունները:
4. Անձը, ում մասին տեղեկությունները հաղորդվում են մյուս Կողմին` հաղորդող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, իր խնդրանքով տեղեկացվում է այդ տեղեկությունների և դրանց` նախատեսվող կիրառման մասին: Ելնելով պետական անվտանգության և հասարակական կարգի շահերից` այդ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել:
5. Կողմերի միջև տեղեկությունների փոխանակման ժամանակ դրանք հաղորդող իրավասու մարմինը, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, սահմանում է դրանց ոչնչացման առավելագույն ժամկետները: Չնայած դրան` հաղորդված տեղեկությունները պետք է ոչնչացվեն դրանց անհրաժեշտությունը վերանալուն պես, ինչպես նաև սույն Համաձայնագրի գործողությունն ավարտվելուց հետո: Կողմերի իրավասու մարմինները միմյանց անհապաղ ծանուցում են ստացված տեղեկությունները ոչնչացնելու և այդ ոչնչացման պատճառների մասին:
6. Կողմերի իրավասու մարմինները պարտավոր են արձանագրել տեղեկությունների հաղորդումը, ստացումը և ոչնչացումը:
7. Կողմերի իրավասու մարմինները պարտավոր են իրականացնել հաղորդված տեղեկությունների պաշտպանությունը չլիազորված անձանց համար դրանց չարտոնված հասանելիությունից և իրավունք չունեն դրանք փոփոխելու կամ հրատարակելու: