Հոդված 8
Հոդված 8
Տվյալների պաշտպանությունը
1. Քանի որ սույն Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ է անձնական տվյալներ փոխանակել, ապա այդպիսի տեղեկատվությունը կարող է վերաբերել միայն հետևյալին.
ա) փոխադրման ենթակա անձի և, անհրաժեշտության դեպքում, նրա ընտանիքի անդամների վերաբերյալ մանրամասն տվյալներ, օրինակ` ազգանուն, անուն, հայրանուն (եթե հնարավոր է), ցանկացած նախկին անուն, ծածկանուն կամ կեղծանուն, այլ անուններ, ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը, սեռը, ներկա և նախկին քաղաքացիությունը, ներկա և նախկին հասցեները,
բ) անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ, անցաթուղթ (laissez-passer) կամ Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված` ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ,
գ) փոխադրվող անձի ինքնությունը հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ,
դ) երթուղիներ, և
ե) Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ երկրի կողմից տրված` ցանկացած մուտքի թույլտվության նկարագիր:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է.
ա) օգտագործել սույն Համաձայնագրի շրջանակներում ստացած ցանկացած տեղեկատվություն միայն այն նպատակով, որի համար այն նախատեսվել է,
բ) պահպանել հայցվող Պայմանավորվող կողմին փոխանցված ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը և չհայտնել այն երրորդ երկրի, եթե այդ տեղեկատվության հրապարակումը թույլատրված չէ հայցող Պայմանավորվող կողմի կողմից,
գ) պաշտպանել նման տեղեկատվությունը պատահական կորստից, չթույլատրված օգտագործումից, փոփոխելուց կամ բացահայտելուց,
դ) ոչնչացնել նման տեղեկատվությունը հայցող Պայմանավորվող կողմի սահմանած պայմաններին համապատասխան, իսկ եթե այդպիսի պայմաններ չեն սահմանվել, հնարավորինս շուտ այն բանից հետո, երբ այդ տեղեկատվությունը այլևս չի պահանջվում այն նպատակով, որի համար փոխանցվել է: