Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 12. Հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ գույքային իրավունքները

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ գույքային իրավունքները

Հեղինակին կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջն է պատկանում ստեղծագործությունը ցանկացած ձևով, այդ թվում` ածանցյալ ստեղծագործության ձևով, և ցանկացած եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը:

Հեղինակը կամ հեղինակային իրավունքի այլ իրավատերը բացառիկ իրավունք ունի թույլատրել կամ արգելել իր ստեղծագործության օգտագործումը: Ստեղծագործության օգտագործում է համարվում դրա վերարտադրումը, տարածումը, այդ թվում` ներմուծումն ու արտահանումը, և այլ եղանակներով իրացումը, մասնավորապես`

ա) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը.

բ) ստեղծագործության նյութական կրող համարվող օրինակը վարձույթով տալը.

գ) ստեղծագործության հրապարակային կատարումը.

դ) ստեղծագործության հեռարձակումը եթեր (ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ներառյալ` կաբելային կամ արբանյակային կապով).

ե) ստեղծագործության տեխնիկական ձայնագրությունը և (կամ) տեսագրությունը.

զ) ստեղծագործության կամ դրա տեխնիկական ձայնագրության և (կամ) տեսագրության հրապարակային հաղորդումը.

է) ստեղծագործության տեխնիկական ձայնագրության և (կամ) տեսագրության օրինակների, արվեստի ստեղծագործությունների վերարտադրությունը.

ը) ստեղծագործության թարգմանությունը, վերամշակումը, վերադաշնակումը կամ այլ եղանակով վերափոխումը` հետագայում դրանք օգտագործելու նպատակով.

թ) քաղաքաշինական, ճարտարապետական, դիզայնի նախագծի գործնական իրացումը:

Հեղինակային իրավունքի իրավատերն իրավունք ունի նաև արգելել առանց իր թույլտվության պատրաստված ստեղծագործության օրինակների ներմուծումն ու արտահանումը:

Եթե ստեղծագործության բնօրինակը կամ օրինակներն օտարված են օրենքով սահմանված կարգով, ապա դրանց հետագա տարածումը թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հեղինակային իրավունքի իրավատիրոջ բացառիկ իրավունքները չեն կիրառվում կառույցի ձևով արտահայտված կամ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով կամ ժամանակավոր հանձնման եղանակով տարածելու դեպքում:

Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով կամ ժամանակավոր հանձնման եղանակով տարածելու իրավունքը պատկանում է հեղինակային իրավունքի իրավատիրոջը` անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Նշված իրավունքը չի կիրառվում այն համակարգչային ծրագրերի նկատմամբ, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որևէ մեքենայի կամ արտադրանքի մեջ, որի բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել:

Հեղինակն իրավունք ունի հրաժարվել ստեղծագործությունը հրապարակելու վերաբերյալ նախկինում ընդունած որոշումից (հետկանչի իրավունք)` նման որոշմամբ ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով: Եթե ստեղծագործությունն արդեն իսկ հրապարակվել է, հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի շրջանառությունից իր հաշվին հանել ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները:

Սույն դրույթը տարածվում է նաև ծառայողական ստեղծագործության վրա, եթե հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակների բացառիկ իրավունքը դրանց պրակտիկ իրականացմանը մասնակցելն է, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հեղինակային իրավունքի իրավատերն իրավասու է իր ստեղծագործության օգտագործման դիմաց պահանջել վարձատրություն, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն օրենքի 13-18 հոդվածներով, եթե չեն հակասում ստեղծագործության բնականոն շահագործմանը և չեն ոտնահարում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ օրինական շահերը:

Հեղինակային վարձատրության հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են`

ա) հեղինակային պայմանագրով.

բ) հեղինակի գույքային իրավունքներն անդամակցային հիմունքներով ապահովող կազմակերպությունների և օգտագործողների միջև կնքված պայմանագրով: Հեղինակային վարձատրության նվազագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։