Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 33. ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 33. ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Կատարողն իր կատարման նկատմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ունի հետևյալ բացառիկ իրավունքները.

ա) իր անվան հիշատակումը պահանջելու իրավունք.

բ) կատարումը որևէ աղավաղումից կամ կատարողի համբավին և արժանապատվությանը վնաս պատճառելու ունակ ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու իրավունք (անձնական ոչ գույքային իրավունքներ) և

գ) կատարումը ցանկացած ձևով օգտագործելու իրավունք, ներառյալ` կատարման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար վարձատրություն ստանալու իրավունքը (գույքային իրավունքներ):

Կատարողի` կատարումն օգտագործելու բացառիկ իրավունքը հետևյալ գործողություններն իրականացնելը, թույլատրելը կամ արգելելն է.

ա) հեռարձակել կատարումը կամ իրականացնել դրա հրապարակային այլ հաղորդումը, եթե այդպիսի հաղորդման համար չի օգտագործվում մինչև այդ իրականացված կատարման ամրագրումը, կամ օգտագործվող կատարումը մինչև այդ չի հեռարձակվել.

բ) ամրագրել նախկինում չամրագրված կատարումը.

գ) վերարտադրել ամրագրված կատարումը.

դ) հեռարձակել ամրագրված կատարումը, եթե ի սկզբանե այդ ամրագրումն իրականացվել է ոչ առևտրային նպատակով.

ե) վաճառքի միջոցով տարածել կատարման հնչյունագրի կամ տեսագրության (ամրագրման) օրինակները.

զ) վարձույթով հանձնել կատարողի մասնակցությամբ կատարումն ընդգրկող, առևտրային նպատակով հրապարակված հնչյունագիրը (կամ տեսագրությունը):

Կատարողն իրավունք ունի նաև արգելել առանց իր թույլտվության պատրաստված կատարումների ամրագրումների օրինակների ներմուծումը:

Եթե կատարումների ամրագրումների օրինակներն օտարված են կատարողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանց հետագա տարածումը կամ ներմուծումը թույլատրվում է առանց կատարողի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

Առևտրային նպատակով հրապարակված ամրագրված կատարումների օրինակները վարձույթով հանձնելու եղանակով տարածելու իրավունքը պատկանում է կատարողին` անկախ այդ ամրագրված կատարումների օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից:

Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետով նախատեսված իրավունքը չի կիրառվում, եթե`

ա) կատարման սկզբնական ամրագրումն իրականացվել է կատարողի համաձայնությամբ.

բ) ամրագրված կատարման օրինակի վերարտադրումն իրականացվում է այն նույն նպատակով, որի համար կատարումն ամրագրելիս ստացվել է կատարողի համաձայնությունը.

գ) ամրագրված կատարման օրինակի վերարտադրումն իրականացվում է այն նույն նպատակով, որի համար սույն օրենքի 36 հոդվածի համաձայն իրականացվել է ամրագրումը:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված թույլտվությունները տալիս է կատարողը, իսկ կատարողների խմբի դեպքում` նրանց նշանակած ներկայացուցիչը կամ այդ խմբի ղեկավարը` օգտագործողի հետ գրավոր պայմանագիր կնքելու միջոցով:

Հեռարձակող կազմակերպության կողմից կատարումը հետագայում հաղորդելու, հաղորդման նպատակով ամրագրում իրականացնելու և այդպիսի ամրագրումը վերարտադրելու համար սույն հոդվածի երկրորդ մասի «ա», «բ» և «գ» կետերում նշված թույլտվությունները չեն պահանջվում, եթե դրանք նախատեսված են հեռարձակող կազմակերպության հետ կատարողի պայմանագրով: Այդպիսի օգտագործման համար կատարողի վարձատրության չափը նույնպես սահմանվում է պայմանագրով:

Տեսալսողական ստեղծագործություն ստեղծելու համար կատարողի և տեսալսողական ստեղծագործություն ստեղծողի միջև պայմանագիր կնքելը հանգեցնում է կատարողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասում նշված իրավունքների տրամադրման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կատարողը պահպանում է այդպիսի տեսալսողական ստեղծագործության օրինակները վարձույթով հանձնելու համար վարձատրություն ստանալու իր իրավունքը:

Կատարողի կողմից այդպիսի իրավունքներ տրամադրելը սահմանափակվում է բուն տեսալսողական ստեղծագործության օգտագործմամբ, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, այդպիսի իրավունքներ տրամադրելը չի ընդգրկում տեսալսողական ստեղծագործության մեջ ամրագրված հնչյունները կամ պատկերներն առանձին օգտագործելու իրավունքը:

Եթե կատարողն իր կատարման առաջին ամրագրումն իրականացնելիս կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողին թույլ է տալիս կատարման հետագա վերարտադրությունը, ապա վերջինս ձեռք է բերում նաև կատարման օրինակի տնօրինման իրավունքը, այդ թվում` օրինակը վարձույթով հանձնելու իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կատարողը պահպանում է այդպիսի ամրագրման օրինակները վարձույթով հանձնելու համար վարձատրություն ստանալու իր իրավունքը:

Կատարողի բացառիկ իրավունքներն այլ անձանց փոխանցվում են ժառանգաբար կամ պայմանագրային կարգով: Պայմանագրում նշվում են կատարման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրման չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը և այլն:

Կատարողի կողմից ծառայողական պարտականությունների կամ գործատուի հանձնարարությունների կատարման կարգով իրականացված կատարումների նկատմամբ կատարողին են պատկանում նրա անձնական ոչ գույքային իրավունքները: Այդպիսի կատարումն օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է այն անձին, ում հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվում կատարողը, եթե նրանց միջև կնքված պայմանագրում այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։