Հոդված 19. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
Հոդված 19. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
Ծառայողական առաջադրանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է ստեղծագործության հեղինակին:
Ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու իրավունքն առաջադրանքի նպատակով պայմանավորված եղանակով ու դրանից բխող սահմաններում պատկանում է այն անձին, ում հանձնարարությամբ ստեղծվել է ստեղծագործությունը, և ում հետ հեղինակը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ (գործատու), եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Գործատուն կամ ստեղծագործությունը թողարկող անձն իրավասու է ծառայողական ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշել իր անունը կամ պահանջել նման նշում:
Հեղինակի` գործատուի հետ կնքած պայմանագիրը կարող է հեղինակի համար նախատեսել ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու համար վարձատրություն և պարունակել դա օգտագործելու այլ պայմաններ:
Հեղինակի կողմից ստեղծագործությունը ներկայացնելու պահից տասը տարի անցնելուց հետո, իսկ գործատուի համաձայնության դեպքում` ավելի վաղ, ստեղծագործությունն օգտագործելու և հեղինակային վարձատրություն ստանալու իրավունքն ամբողջովին անցնում է հեղինակին` անկախ կնքված պայմանագրից:
Առաջադրանքի նպատակով չպայմանավորված եղանակով ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը չի սահմանափակվում:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա: