Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 21. Արվեստի ստեղծագործության հեղինակի իրավունքը

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 21. Արվեստի ստեղծագործության հեղինակի իրավունքը

Արվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջել իրեն հնարավորություն ընձեռել վերարտադրելու իր ստեղծագործությունը, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել դրա հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ համարժեք երաշխիքի ապահովում: Վերոնշյալ իրավունքից օգտվելու ծախսերը, ինչպես նաև ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի որևէ վնասի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը:

Հեղինակի կողմից արվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (հատուցելի կամ անհատույց) այլ անձի համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում:

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետում արվեստի ստեղծագործության հեղինակը (նկարիչ, քանդակագործ, գրող, կոմպոզիտոր և այլն) կամ նրա մահից հետո իրավահաջորդն օգտվում է հեղինակի կողմից առաջին անգամ օտարված արվեստի ստեղծագործության (այդ թվում` գրողների և կոմպոզիտորների ձեռագրերի) բնօրինակի աճուրդի, պատկերասրահների, գեղարվեստական սրահների, խանութների և այլնի միջոցով յուրաքանչյուր հաջորդ վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից, եթե վերավաճառքի գինը նախորդից գերազանցում է առնվազն 20 տոկոսով: Հեղինակին կամ նրա իրավահաջորդին հասանելիք գումարների հավաքումը, բաշխումն ու վճարումը կարող են իրականացնել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի գույքային իրավունքներն ապահովող կազմակերպությունները:

Սույն հոդվածի երրորդ մասում նշված իրավունքից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նմանատիպ իրավունք ընձեռած երկրի քաղաքացիները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։