Հոդված 28. Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը
Հոդված 28. Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը
Հեղինակային պայմանագրում նշվում են ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը կամ վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:
Հեղինակային պայմանագրում տարածքի, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում պայմանագրով փոխանցվող իրավունքի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:
Ստեղծագործությունն օգտագործելու վերաբերյալ հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ հեղինակի:
Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:
Հեղինակային լիցենզային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է հեղինակային իրավունքի գործողության ժամկետը լրանալու պահից:
Անկախ պայմանագրում նշված ժամկետից` ստեղծագործության հեղինակը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պայմանագիրը կնքելու պահից տասը տարի հետո միակողմանի հրաժարվել պայմանագրից` այդ մասին 6 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին: Հեղինակը կամ նրա իրավահաջորդը նման իրավունք ձեռք է բերում յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ:
Պայմանագրում կարող են նախատեսվել ստեղծագործության օգտագործման այնպիսի ժամկետներ, որոնց խախտումն առաջացնում է պայմանագրի միակողմանի լուծարման իրավունք:
Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց` միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում: