Հոդված 35. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 35. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, հաղորդումներ հեռարձակող կազմակերպությանն են պատկանում իր հաղորդումը (ծրագիրը) ցանկացած ձևով օգտագործելու բացառիկ իրավունքը, ներառյալ` հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար վարձատրություն ստանալու իրավունքը (գույքային իրավունքներ):
Հաղորդումներ հեռարձակող կազմակերպության հաղորդումն օգտագործելու բացառիկ իրավունքն է թույլատրել կամ արգելել հետևյալ գործողությունները.
ա) ամրագրել հաղորդումը.
բ) վերարտադրել ամրագրված հաղորդումը, բացառությամբ այն դեպքի, երբ հաղորդման ամրագրումը կատարվել է հեռարձակող կազմակերպության համաձայնությամբ, և վերարտադրումն իրականացվում է այն նույն նպատակների համար, որոնց համար սույն օրենքի 36 հոդվածի համաձայն կատարվել էր ամրագրումը.
գ) տարածել ամրագրված հաղորդման օրինակները, մասնավորապես` վաճառքի կամ վարձույթով հանձնելու եղանակով.
դ) վերահեռարձակել հաղորդումը.
ե) իրականացնել հաղորդման հրապարակային հաղորդում` վճարովի մուտքով տեղերում:
Հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի նաև արգելել առանց իր թույլտվության պատրաստված ամրագրված հաղորդման օրինակների ներմուծումը:
Եթե ամրագրված հաղորդման օրինակներն օտարված են հաղորդումներ հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանց հետագա տարածումը կամ ներմուծումը թույլատրվում է առանց հաղորդումներ հեռարձակող կազմակերպության համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
Առևտրային նպատակով հրապարակված հաղորդման ամրագրման օրինակները վարձույթով հանձնման եղանակով տարածելու իրավունքը պատկանում է հաղորդումներ հեռարձակող կազմակերպությանը, անկախ այդ ամրագրման օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: