Հոդված 14. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ
Հոդված 14. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ
1. Ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի հրապարակային միջոցառման դադարեցման մասին որոշում ընդունելու և սահմանելով դադարեցման համար ողջամիտ ժամկետ` կազմակերպիչներից պահանջելու դադարեցնել միջոցառման անցկացումը միայն հետևյալ դեպքերում.
1) զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվում է առանց իրազեկման.
1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.
2) զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելված է.
3) ոստիկանության ներկայացուցչի կողմից զգուշացվելուց հետո հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառում մասամբ կամ ամբողջությամբ շարունակվում է անցկացվել սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված վայրերում, կամ էապես խախտվում է երթի ուղին կամ ժամանակացույցը.
4) ոստիկանության ներկայացուցչի կողմից զգուշացվելուց հետո շարունակում է խախտվել հասարակական կարգը, օրենքի պահանջները, և դրա շարունակմամբ իրական վտանգ է առաջանալու անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց
5) (կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
2. Կազմակերպիչը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը ստանալու դեպքում, պարտավոր է անհապաղ հայտարարել միջոցառումը դադարեցնելու մասին և միջոցներ ձեռնարկել ոստիկանության ներկայացուցչի կողմից սահմանված ժամկետում հրապարակային միջոցառումը դադարեցնելու ուղղությամբ:
3. Ոստիկանությունը հրապարակային միջոցառումը հարկադիր դադարեցնելու իրավունք ունի միայն հետևյալ դեպքերում, եթե`
1) դադարեցնելու մասին սույն հոդվածով նախատեսված կարգով տրված պահանջը կազմակերպչի կողմից մասնակիցներին անհապաղ չի հայտարարվել.
2) սահմանված ժամկետում հրապարակային միջոցառման դադարեցման պահանջը չի կատարվել և դրա հետագա շարունակումը իրական վտանգ է ներկայացնում անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.
3) (կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
Ոստիկանության ներկայացուցիչը, մինչև հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը, հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին պարտավոր է ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով տեղեկացնել մասնակիցներին` նշելով դադարեցման պահանջի իրավական հիմքը և սահմանելով դադարեցման ողջամիտ ժամկետ: Այդ ժամկետում հրապարակային միջոցառումը չդադարեցվելու դեպքում ոստիկանությունն իրավունք ունի հարկադիր դադարեցնելու միջոցառումը օրենքով սահմանված միջոցներով:
4. Հրապարակային միջոցառման դադարեցման կարգը չի կիրառվում, եթե հրապարակային միջոցառման անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում:
(14-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն, լրաց.11.06.08 ՀՕ-74-Ն)