Հոդված 7. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու հրապարակային միջոցառումներին: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դադարեցնելու իր մասնակցությունը հրապարակային միջոցառումներին: Ոչ ոք իրավունք չունի պարտադրել քաղաքացուն մասնակցելու որևէ հրապարակային միջոցառման:
2. Հրապարակային միջոցառման մասնակիցները կարող են ունենալ կամ կրել պաստառներ և ցուցադրական այլ նյութեր, ինչպես նաև օգտագործել բարձրախոսներ:
3. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լուսանկարելու, նկարահանելու կամ ձայնագրելու հրապարակային միջոցառումները:
4. Հրապարակային միջոցառումների մասնակիցներին արգելվում է հրապարակային միջոցառումների ընթացքում կրել, օգտագործել, գործադրել, կիրառել զենք, զինամթերք կամ պայթուցիկ, թունավոր, դյուրավառ կամ այնպիսի այլ առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին:
5. Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակային միջոցառումների ընթացքում բաժանելու կամ օգտագործելու ոգելից խմիչքներ:
6. (մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
7. Հրապարակային միջոցառումների մասնակիցները պարտավոր են`
1) պահպանել հասարակական կարգը.
2) կատարել կազմակերպչի, կամավորների խմբերի, ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջները և չխոչընդոտել նրանց և լիազոր մարմնի օրինական գործողություններին.
3) հրապարակային միջոցառումը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հրապարակային միջոցառման անցկացման վայրից.
4) չվնասել հրապարակային միջոցառման անցկացման վայրի գույքը, ծառերը, թփերը, կանաչապատ տարածքները.
5) չխոչընդոտել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:
(7-րդ հոդվածը փոփ., խմբ. 04.10.05 ՀՕ-183-Ն)