Հոդված 111. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները
Հոդված 111. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները
1. Այն թեկնածուները, ովքեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:
2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:
3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչև գրանցվելը:
4. Թեկնածուները, ոչ ուշ, քան ընտրություններից 10 օր առաջ, իրավունք ունեն հանել իրենց թեկնածությունը: Թեկնածությունը հանելու դեպքում ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
5. Կուսակցությունները, ոչ ուշ, քան քվեարկությունից 10 օր առաջ, իրավունք ունեն հանել իրենց ընտրական ցուցակները, ինչպես նաև հանել ցուցակում գրանցված ցանկացած թեկնածուի` կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ: Այդ որոշումն անհապաղ ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քվեարկության ավարտից հետո կուսակցության ընտրական ցուցակում փոփոխություններ կատարել չի թույլատրվում:
6. Ընտրությունների ժամանակահատվածում կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իսկ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները` միայն մարզային ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական և մարզային ընտրական հանձնաժողովները նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: