Հոդված 3
Հոդված 3
Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիան
1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հայցի հիման վրա հետ են ընդունում հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվող երրորդ երկրի ցանկացած քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, եթե ներկայացված են Կիրարկման արձանագրությունում թվարկված ապացույցներն առ այն, որ այդ անձը.
ա) ռեադմիսիայի մասին հարցում ուղարկելու պահին հայցվող Կողմի պետության տարածքում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքեր ունի,
բ) հայցող Կողմի պետության տարածք է ժամանել անօրինական կերպով անմիջապես հայցվող Կողմի պետության տարածքից:
2. Այն դեպքում, երբ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չունի անձը հաստատող փաստաթուղթ, և այդ անձի քաղաքացիության կամ բնակության երկրի իրավասու մարմինների կողմից նման փաստաթղթի տրամադրման հնարավորություն չկա, հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները նրան ուղևորության փաստաթուղթ են տալիս իրենց պետության տարածք մուտք գործելու համար:
3. Հայցող Կողմի պետության իրավասու մարմինները հետ են ընդունում իրենց կողմից փոխանցված անձին նրա փոխանցման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի անցկացրած ստուգումը հայտնաբերի, որ բացակայում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված` նրա ռեադմիսիայի համար անհրաժեշտ պայմանները: Այդ դեպքում հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնին է փոխանցում այդ անձին վերաբերող նյութերը, որոնք գտնվում են իր տրամադրության տակ:
4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում.
ա) այն անձանց նկատմամբ, որոնք հայցող Կողմի պետության տարածք օրինականորեն մուտք գործելու պահին ունեցել են հայցող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից հանձնված վավերական վիզա, ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն,
բ) այն անձանց նկատմամբ, որոնք օրինական հիմքերով ժամանել են հայցող Կողմի պետության տարածք ոչ վիզային կարգով` միջազգային պայմանագրին համապատասխան,
գ) այն անձանց նկատմամբ, որոնց վիզան, ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվությունը տրվել են հայցող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից այդ պետության տարածք մուտք գործելուց հետո: