Հոդված 7. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 7. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
«Փոքր» օբյեկտները ԵՎ վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Գնահատված արժեքը (դրամներով) Առաջին վճարի չափը (գնահատված արժեքի նկատմամբ տոկոսով) Վճարման ժամկետը (տարիներով) Վճարումների թիվը (անգամ)
Մինչև 500.000 100 - -
500.001-1.000.000 50 1 2
1.000.001-1.500.000 40 2 3
1.500.001-2.000.000 35 3 4
2.000.001-3.000.000 30 4 5
3.000.001-4.000.000 25 5 6
4.000.001-5.000.000 25 6 7
5.000.001-6.000.000 25 7 8
6.000.001-7.000.000 20 8 9
7.000.001-8.000.000 20 9 10
8.000.001-9.000.000 20 10 11
9.000.001-10.000.000 20 11 12
10.000.001-11.000.000 20 12 13
11.000.001-12.000.000 20 13 14
12.000.001-13.000.000 20 14 15
13.000.001-14.000.000 20 15 16
14.000.001-15.000.000 20 16 17
15.000.001-16.000.000 20 17 18
16.000.001-18.000.000 20 18 19
18.000.001-20.000.000 20 19 20
20.000.001-ից ավելի 20 20 21
2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:
3. Օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք`
ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար.
բ) վճարել են օբյեկտի արժեքի 30-տոկոսից պակաս գումար և մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար:
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարվող վճարումները կարող են իրականացվել` անկախ տվյալ տարում վճարողի կողմից կատարված վճարումների քանակից:
5. Չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացած դատական վճիռների առկայության դեպքում պատասխանողի հետ կնքվում է հաշտության համաձայնագիր, ընդ որում` վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքները հետագա վճարումների ժամանակ չեն հաշվարկվում:
6. 2004 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տարաժամկետ հերթական վճարումները չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողնված աշխատանքային օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 աշխատանքային օրվա հաշվարկից:
7. Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը խմբ. 28.12.01 ՀՕ-292, խմբ., փոփ. 23.10.02 ՀՕ-434-Ն, փոփ. 03.12.03 ՀՕ-41-Ն)