Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիայի անդամ պետությունները պարտավորվում են խորհրդակցել և համագործակցել միմյանց հետ ցանկացած այնպիսի խնդիրների լուծման նպատակով, որոնք կարող են ծագել սույն Կոնվենցիայի նպատակների կամ դրույթների կատարման առնչությամբ: Ի կատարումն սույն հոդվածի, նախատեսված խորհրդակցությունները և համագործակցությունը կարող են իրականացվել նաև Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում համապատասխան միջազգային ընթացակարգերի կիրառման միջոցով` Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Այդպիսի միջազգային ընթացակարգերը կարող են ներառել համապատասխան միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետում նշված Փորձագետների խորհրդակցական կոմիտեի ծառայությունների օգտագործումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նպատակների համար ավանդապահը` սույն Կոնվենցիայի որևէ անդամ պետության դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ձևավորում է Փորձագետների խորհրդակցական կոմիտե: Ցանկացած անդամ պետություն կարող է փորձագետ նշանակել Կոմիտեի կազմում, որի գործառույթներն ու ընթացակարգի կանոնները սահմանված են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը հանդիսացող Հավելվածով: Կոմիտեն ավանդապահին է հանձնում գործի հանգամանքների վերաբերյալ ամփոփիչ փաստաթուղթը, որը ներառում է նիստերի ընթացքում Կոմիտեին ներկայացված բոլոր տեսակետները և տեղեկությունները: Ավանդապահն այդ փաստաթուղթն ուղարկում է բոլոր անդամ պետություններին:
3. Սույն Կոնվենցիայի ցանկացած անդամ պետություն, որը հիմքեր ունի ենթադրելու, որ որևէ այլ անդամ պետություն գործում է սույն Կոնվենցիայի դրույթներից բխող պարտավորություններին հակառակ, կարող է բողոք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին: Ներկայացված բողոքում ներառվում են գործին առնչվող բոլոր տեղեկությունները, ինչպես նաև դրա հիմնավորվածությունը հաստատող բոլոր առկա ապացույցները:
4. Սույն Կոնվենցիայի ցանկացած անդամ պետություն պարտավորվում է համագործակցել ցանկացած հետաքննությանը, որը Անվտանգության Խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան կարող է ձեռնարկել իրեն ներկայացված բողոքի հիման վրա: Անվտանգության խորհուրդը անդամ պետություններին տեղեկացնում է հետաքննության արդյունքների մասին:
5. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան աջակցություն ցուցաբերել դրա համար դիմում ներկայացրած որևէ այլ անդամ պետությանը կամ օժանդակել այդ աջակցության ցուցաբերմանը, եթե Անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում, որ այդ անդամ պետությունը վնաս է կրել կամ կարող է վնաս կրել Կոնվենցիայի դրույթների խախտման հետևանքով: