Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրա պատշաճ կերպով հաստատված պատճեններն ուղղում է այն ստորագրած և դրան միացած պետությունների կառավարություններին:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, իրենց կառավարությունների կողմից օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար Ժնևում` հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվականի մայիսի տասնութից:

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾ

Փորձագետների խորհրդակցական կոմիտե

1. Փորձագետների խորհրդակցական կոմիտեի պարտականություններն են գործերով փաստերի բացահայտումն ու կոմիտե ձևավորելու դիմումով հանդես եկած անդամ պետության կողմից սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան բարձրացված հարցի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ կայացնելը:

2. Փորձագետների խորհրդակցական կոմիտեի գործունեությունը կազմակերպվում է այնպես, որ կոմիտեն կարողանա իրականացնել սույն Հավելվածի 1-ին կետով սահմանված գործառույթները: Կոմիտեն իր գործունեությունը կարգավորող ընթացակարգերն ընդունում է փոխհամաձայնությամբ կամ ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների մեծամասնությամբ: Գործերի բնույթի հարցերով քվեարկություններ չեն կատարվում:

3. Կոմիտեի նախագահ է նշանակվում ավանդապահը կամ իր լիազոր ներկայացուցիչը:

4. Նիստերի ժամանակ յուրաքանչյուր փորձագետ կարող է հանդես գալ մեկ կամ ավելի խորհրդատուներով:

5. Յուրաքանչյուր փորձագետ իրավունք ունի նախագահի միջոցով այլ պետություններին կամ միջազգային կազմակերպություններին դիմել այնպիսի տեղեկատվություն և օժանդակություն տրամադրելու խնդրանքով, որոնք նա նպատակահարմար է համարում կոմիտեի արդյունավետ գործունեության համար:

Կոնվենցիային առնչվող փաստաթղթեր

Զինաթափման կոմիտեի համաժողովի կողմից Գլխավոր ասամբլեային` իր երեսունմեկերորդ նիստին ներկայացված զեկույցում ընդգրկվել են սույն Կոնվենցիային առնչվող հետևյալ պայմանավորվածությունները:

Պայմանավորվածություն 1-ին հոդվածի վերաբերյալ

Կոմիտեի ընկալմամբ, սույն Կոնվենցիայի իմաստով, «լայնածավալ», «երկարատև» և «լուրջ» հասկացությունները պետք է մեկնաբանվեն հետևյալ կերպով.

ա/ «լայնածավալ»` ենթադրում է մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող տարածություն,

բ/ «երկարատև»` մի քանի ամիս, կամ, առնվազն, տարվա մեկ եղանակ տևող,

գ/ «լուրջ»` մարդու կյանքի, բնական, տնտեսական պաշարների կամ այլ պաշարների համար ոչնչացման կամ վնասման լուրջ կամ զգալի վտանգ պարունակող:

Կոմիտեն ենթադրում է նաև, որ վերոհիշյալ սահմանումները նախատեսված են միմիայն սույն Կոնվենցիայի համար և նպատակ չունեն խեղաթյուրելու որևէ այլ միջազգային համաձայնագրերի առնչությամբ գործածված նույն կամ համանման հասկացությունների մեկնաբանությունը:

Պայմանավորվածություն 2-րդ հոդվածի վերաբերյալ

Կոմիտեի ընկալմամբ, սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցներ համարվող միջոցների օգտագործման հետևանքով առաջացող հնարավոր երևույթների օրինակներ կարող են ծառայել երկրաշարժերը, ցունամին, տարածաշրջանում էկոլոգիական հավասարակշռության խախտումը, եղանակի տիպերի փոփոխությունները /ամպամածություն, տեղումներ, տարատեսակ ցիկլոններ և փոթորիկներ/, կլիմայի տիպերի փոփոխությունները, օվկիանոսային հոսանքների փոփոխությունները, օզոնային շերտի իրավիճակի փոփոխությունները և իոնոսֆերայի իրավիճակի փոփոխությունները:

Գիտակցվում է նաև, որ վերը նշված բոլոր երևույթները շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման հետևանքներ հանդիսանալու դեպքում կբերեն կամ ամենայն հավանականությամբ կարող են բերել լայնածավալ, երկարատև և լուրջ ավերածությունների, վնասների կամ վնասվածքների: Այդ իսկ պատճառով, 2-րդ հոդվածի իմաստով շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցներ համարվող միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործումը որևէ այլ անդամ պետությանը ավերածություններ, վնասներ և վնասվածքներ պատճառելու նպատակով պետք է արգելվի:

Բացի այդ, ընդունվում է, որ վերը նշված օրինակների ցանկն ամբողջական չէ: 2-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների օգտագործման հետևանքով առաջացող այլ երևույթները նույնպես կարող են համապատասխան կերպով ներառվել այդ ցանկում: Այդպիսի երևույթների բացակայությունը ցանկում ոչ մի դեպքում չի ենթադրում, որ 1-ին հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն տարածվում այդ երևույթների վրա` պայմանով, որ պահպանվել են այդ հոդվածով սահմանված չափանիշները:

Պայմանավորվածություն 3-րդ հոդվածի վերաբերյալ

Կոմիտեի ընկալմամբ, սույն Կոնվենցիան չի առնչվում այն հարցի հետ, թե արդյոք շրջակա միջավայրի վրա ներգործության տվյալ միջոցի խաղաղ նպատակներով օգտագործումը համապատասխանում է միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և կիրառելի նորմերին:

Պայմանավորվածություն 8-րդ հոդվածի վերաբերյալ

Կոմիտեի ընկալմամբ, Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունը կարող է նաև քննարկման դրվել 8-րդ հոդվածին համապատասխան գումարվող` անդամ պետությունների ցանկացած համաժողովի ընթացքում: Ընդունվում է նաև, որ այդպիսի քննարկման համար նախատեսված ցանկացած առաջարկվող փոփոփոխությունը պետք է ավանդապահին ներկայացվի համաժողովի գումարումից առնվազն 90 օր առաջ:

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 15-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։