Հոդված 14
Հոդված 14
Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:
2. Առաջարկվող փոփոխությունները գրավոր տեսքով ներկայացվում են քարտուղարությանը, որը դրանք ուղարկում է բոլոր Կողմերին: Առաջարկվող փոփոխությունները քննարկվում են Կողմերի հերթական ժողովին` պայմանով, որ քարտուղարությունն այդ փոփոխությունները Կողմերին է ուղարկել այդ ժողովից առնվազն իննսուն օր առաջ:
3. Կողմերը ձեռնարկում են բոլոր ջանքերը` սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկության շուրջ փոխհամաձայնության միջոցով համաձայնություն ձեռք բերելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնությունն այդպես էլ ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ:
4. Ավանդապահը սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան ընդունված փոփոխությունները ներկայացնում է բոլոր Կողմերին` վավերացման, հաստատման կամ ընդունման համար: Այդ փոփոխությունները դրանք վավերացրած, հաստատած կամ ընդունած Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից Կողմերի առնվազն երեք քառորդի վավերացման, հաստատման կամ ընդունման մասին ծանուցագրերն ստանալու պահից իննսուներորդ օրը: Հետագայում ցանկացած այլ Կողմի համար այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց վավերացման, հաստատման կամ ընդունման մասին Կողմի փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
5. Սույն Կոնվենցիայի իմաստով, «ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերն» այն Կողմերն են, որոնք ներկա են գտնվում ժողովին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:
6. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված քվեարկության կարգը նախադեպ չի ստեղծում հետագա համաձայնագրերի համար, որոնք կարող են կնքվել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում: