Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
i) «Կողմեր», եթե տեքստում այլ կերպ նշված չէ, սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերն են,
ii) «ծագման Կողմ» սույն Կոնվենցիայի այն Պայմանավորվող կողմն է (Կողմերն են), որի իրավազորության ներքո նախատեսվում է իրականացնել պլանավորված գործունեությունը,
iii) «ազդեցության ենթարկված Կողմ» սույն Կոնվենցիայի այն Պայմանավորվող կողմն է (Կողմերն են), որը կարող է ազդեցության ենթարկվել պլանավորված գործունեության անդրսահմանային հետևանքների արդյունքում,
iv) «շահագրգիռ Կողմեր» ծագման և ազդեցության ենթարկված Կողմերն են, որոնք սույն Կոնվենցիային համապատասխան իրականացնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը,
v) «պլանավորված գործունեություն» այն գործունեությունն է կամ որևէ գործունեության մեջ զգալի փոփոխությունների կատարումն է, որի վերաբերյալ իրավասու մարմինը պետք է որոշում կայացնի ընդունված ազգային ընթացակարգին համապատասխան,
vi) «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» շրջակա միջավայրի վրա պլանավորված գործունեության հնարավոր ազդեցության գնահատման ազգային ընթացակարգն է,
vii) «ազդեցությունը» շրջակա միջավայրի համար պլանավորված գործունեության հետևանքներն են` ներառյալ մարդկային առողջության և անվտանգության, բուսական և կենդանական աշխարհների, հողի, օդի, ջրի, կլիմայի, բնապատկերի, պատմական հուշարձանների և նյութական մշակույթի այլ օբյեկտների համար, կամ այդ գործոնների փոխկապակցվածությունն է. այն նաև ներառում է հետևանքները մշակութային ժառանգության կամ սոցիալ-տնտեսական պայմանների համար, որոնք հանդիսացել են այդ գործոնների փոփոխությունների արդյունքները,
viii) «անդրսահմանային ազդեցություն» որևէ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում պլանավորված գործունեության արդյունքում առաջացող ազդեցությունն է, որի ֆիզիկական աղբյուրը ամբողջովին կամ մասնակիորեն գտնվում է որևէ այլ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում,
ix) «իրավասու մարմին» որևէ Կողմից նշանակվող ազգային մարմին է կամ մարմիններ են, որոնք կատարում են սույն Կոնվենցիայով սահմանված գործառույթները, կամ այն մարմինն է կամ մարմինները, որոնց որևէ Կողմ օժտում է պլանավորված գործունեության վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությամբ,
x) «հանրություն» մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են: