Հոդված 11
Հոդված 11
Կողմերի ժողովները
1. Կողմերի ժողովները գումարվում են որքան հնարավոր է ԵՏՀ երկրների Կառավարությունների շրջակա միջավայրի և ջրային պաշարների խնդիրներով ավագ խորհրդականների ամենամյա նիստերի կապակցությամբ: Կողմերի առաջին ժողովը անց է կացվում ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո: Հետագայում դրանց անցկացման անհրաժեշտությունը և ժամկետները որոշվում են ըստ Կողմերի պայմանավորվածության կամ համաձայն Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ դիմումի մասին Կողմերին ծանուցելու օրվանից վեց ամսվա ընթացքում այն կարժանանա Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի հավանությանը:
2. Կողմերը մշտապես վերահսկում են սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման ընթացքը և այդ նպատակով.
ա/ իրականացնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ Կողմերի քաղաքականության և մեթոդաբանական մոտեցումների դիտարկումներ` անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգերի հետագա կատարելագործման նպատակով,
բ/ կատարում են տեղեկատվության փոխանակում անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օգտագործման մասին երկկողմ կամ բազմակողմ այն համաձայնագրերի կամ այլ պայմանավորվածությունների ոլորտում կուտակված փորձի վերաբերյալ, որոնց անդամ է հանդիսանում Կողմը կամ Կողմերը,
գ/ անհրաժեշտության դեպքում, օգտվում են իրավասու միջազգային մարմինների կամ գիտական կոմիտեների ծառայություններից` սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման ընթացքում ծագող մեթոդաբանական կամ տեխնիկական հարցերի լուծման նպատակով,
դ/ իրենց առաջին ժողովի ընթացքում քննարկում և, փոխհամաձայնության հիմունքներով, ընդունում են իրենց ժողովների անցկացման կանոնակարգերը,
ե/ քննարկում և, անհրաժեշտության դեպքում, ընդունում են սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ,
զ/ քննարկում և ձեռնարկում են սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած լրացուցիչ միջոց: