Հոդված 2
Հոդված 2
Ընդհանուր դրույթներ
1. Կողմերը անհատական կամ կոլեկտիվ կարգով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ և արդյունավետ միջոցները պլանավորված գործունեության արդյունքում ներգործվող զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության կանխման, ինչպես նաև դրա նվազեցման և վերահսկման համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության այն տեսակների համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ հավելվածով նախատեսված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված փաստաթղթերի պատրաստումը:
3. Ծագման Կողմն ապահովում է, որ, սույն Կոնվենցիային համապատասխան, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կատարվի մինչև 1-ին հավելվածում ընդգրկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության տեսակի իրականացման կամ իրականացումը թույլատրող որոշման ընդունումը:
4. Ծագման Կողմը սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ապահովում է ազդեցության ենթարկված Կողմերի ծանուցումը 1-ին հավելվածում ընդգրկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության մասին:
5. Շահագրգիռ Կողմերը այդ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ անց են կացնում խորհրդակցություններ, որտեղ քննարկվում է 1-ին հավելվածում չընդգրկված պլանավորված գործունեության տեսակներից որևէ մեկի կամ մի քանիսի կողմից զգալի անդրսահմանային ազդեցություն գործելու հավանականությունը և թե արդյոք գործունեության այդ տեսակները պետք է դիտարկվեն որպես 1-ին հավելվածում ընդգրկված: Ըստ այդ Կողմերի պայմանավորվածության, գործունեության այդ տեսակները կարող են դիտարկվել, որպես 1-ին հավելվածում ընդգրկված տեսակներ: Զգալի վնասակար ազդեցությունը բնորոշող չափանիշների սահմանման ընդհանուր սկզբունքները ներկայացված են 3-րդ հավելվածում:
6. Ծագման Կողմը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն, հնարավորություն է ստեղծում հանրության համար մասնակցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացմանը և ապահովում է, որ ազդեցության ենթարկված Կողմի հանրությանն ընձեռված այդ հնարավորությունը համահավասար լինի ծագման Կողմի հանրությանն ընձեռվող հնարավորությանը:
7. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները կատարվում են, որպես նվազագույն պահանջ, պլանավորված գործունեության օբյեկտների մակարդակով: Հնարավորության դեպքում, Կողմերը նաև ձգտում են կիրառել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքները քաղաքականության, նախագծերի և ծրագրերի մշակման ժամանակ:
8. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը կիրառել ազգային օրենսդրությունը, կանոնակարգերը, վարչական դրույթները կամ ընդունված իրավական պրակտիկան, որոնք նախատեսում են այնպիսի տեղեկատվության գաղտնիության պահպանումը, որի տրամադրումը կարող է խախտել արտադրական կամ առևտրային գաղտնիքը կամ վնաս հասցնել ազգային անվտանգության շահերին:
9. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը երկկողմ կամ բազմակողմ համաձայնությամբ կիրառել ավելի խիստ միջոցներ, քան սույն Կոնվենցիայով նախատեսվածները:
10. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում միջազգային իրավունքին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները գործունեության այնպիսի տեսակների նկատմամբ, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն գործել: