Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Հավասարազոր տեքստեր

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Էսպո քաղաքում /Ֆինլանդիա/` 1991 թվականի փետրվարի 25-ին:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Գործունեության տեսակների ցանկ

1. Նավթավերամշակման գործարաններ /բացառությամբ հում նավթից միայն քսուքանյութեր արտադրող ձեռնարկությունների/ և գազացման և ածխի կամ բիտումային թերթաքարերի հեղուկացման օբյեկտներ, որոնց արտադրական հզորությունը հասնում է օրական 500 տոննայի և ավելին:

2. Ջերմային էլեկտրակայաններ և այրման այլ կայանքներ 300 մեգավատտ և ավելին ջերմային հզորությամբ, ինչպես նաև ատոմային էլեկտրակայաններ և միջուկային ռեակտորներով սարքավորված այլ օբյեկտներ (բացառությամբ ճեղքվող և վերարտադրվող նյութերի արտադրության և կոնվերսիայի համար օգտագործվող հետազոտական սարքերի, որոնց առավելագույն հզորությունը չի գերազանցում անփոփոխ ջերմային բեռնվածության 1 կիլովատտը):

3. Բացառապես միջուկային վառելիքի արտադրության և հարստացման, բանեցրած միջուկային վառելիքի վերականգնման կամ հավաքման, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների հեռացման և վերամշակման համար նախատեսված ձեռնարկություններ:

4. Դոմնային և մարտենյան հալման խոշոր սարքեր և գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ:

5. Ասբեստի ստացման և ասբեստի ու ասբեստ պարունակող նյութերի վերամշակման և վերափոխման սարքեր. ասբեստացեմենտային արտադրանքի համար` պատրաստի արտադրանքի 20.000 տոննայից ավելի տարեկան արտադրությամբ, շփման նյութերի համար` պատրաստի արտադրանքի 50 տոննայից ավելի տարեկան արտադրությամբ, ասբեստ պարունակող այլ արտադրությունների համար` տարեկան 200 տոննային ավելի օգտագործմամբ:

6. Քիմիական կոմբինատներ:

7. Ավտոմայրուղիների, ճեպընթացիկ ավտոճանապարհների*, հեռավոր հաղորդակցության երկաթուղիների և 2.100 մետր և ավելի երկարությամբ հիմնական թռիչքավայրէջքային ուղի ունեցող օդանավակայանների կառուցում:

8. Մեծ տրամագծով նավթատար կամ գազատար խողովակաշարեր:

9. Առևտրային նավահանգիստներ, ինչպես նաև ներքին ջրային ուղիներ և ներքին նավարկության նավահանգիստներ, որոնք նախատեսված են 1.350 տոննայից ավելի ջրածավալ ունեցող նավերի մուտքի համար:

10. Թափոնների ոչնչացման սարքեր` թունավոր կամ վտանգավոր թափոնների այրման, քիմիական վերամշակման կամ թաղման համար:

11. Խոշոր ամբարտակներ և ջրամբարներ:

12. Ստորերկրյա ջրերի դուրս հանումը` եթե դուրս մղվող ջրի տարեկան ծավալը կազմում է 10 միլիոն խորանարդ մետր և ավելին:

13. Թաղանթանյութի և թղթի արտադրություն` օրական 200 մետրիկ տոննա և ավելին օդային չորացում անցած արտադրանքի ստացմամբ:

14. Մետաղի հանքանյութի և ածխի լայնածավալ արդյունահանում, միևնույն վայրում կատարվող ստացում և հարստացում:

15. Ածխաջրածինների արդյունահանում մայրցամաքային ելուստի վրա:

16. Նավթային, նավթաքիմիական և քիմիական մթերքի խոշոր պահեստներ:

17. Լայնածավալ անտառահատումներ:

* Սույն Կոնվենցիայի իմաստով, «ավտոմայրուղին» հատուկ ավտոմեքենաների երթևեկության համար նախագծված և կառուցված ճանապարհ է, որը չի ծառայում իր երկայնքով տեղաբաշխված օբյեկտների նպատակների համար և որը.

ա/ ապահովված է, բացառությամբ որոշակի հատվածների կամ ժամանակավորապես, առանձին ուղիներով երթևեկության երկու ուղղությունների համար, որոնք միմյանցից տարանջատվում են երթևեկության համար չնախատեսված բաժանիչ գծով կամ, առանձին դեպքերում, այլ եղանակներով,

բ/ նույն մակարդակի վրա չի խաչվում ոչ մի այլ ճանապարհի, երկաթգծի կամ տրամվայի գծի, կամ էլ հետիոտնի ճանապարհի հետ,

գ/ ունի հատուկ տարբերակիչ նշաններ:

«Ճեպընթաց ավտոճանապարհը» ավտոմոբիլային երթևեկության համար նախատեսված ճանապարհ է, որի մուտքը գտնվում է հատուկ հատման կետերում և վերահսկվող միացումներում և որի ուղիների վրա մեքենան կանգնեցնելն արգելվում է:

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակությունը

4-րդ հոդվածին համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերում նշվող տեղեկությունները նվազագույնը պետք է պարունակեն.

ա/ պլանավորված գործունեության նկարագրությունը և նպատակները,

բ/ անհրաժեշտության դեպքում, պլանավորված գործունեության ընդունելի այլընտրանքային տարբերակների /օրինակ, աշխարհագրական կամ տեխնոլոգիական բնույթի/ նկարագրությունը ներառյալ այդ գործունեության իրականացումից հրաժարվելու տարբերակը,

գ/ շրջակա միջավայրի այն տարրերի նկարագրությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, զգալի ազդեցության կենթարկվեն պլանավորված գործունեության կամ դրա այլընտրանքային տարբերակների իրականացման արդյունքում,

դ/ շրջակա միջավայրի վրա պլանավորված գործունեության կամ դրա այլընտրանքային տարբերակների ազդեցության հնարավոր եղանակների նկարագրությունը և այդ ազդեցության ծավալների գնահատումը,

ե/ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը հնարավորինս նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցների նկարագրությունը,

զ/ կանխատեսման մեթոդների և դրանց հիմքում ընկած ելման դիրքերի նշում, ինչպես նաև օգտագործվող համապատասխան տվյալները շրջակա միջավայրի վերաբերյալ,

է/ պահանջվող տեղեկատվության կուտակման ընթացքում հայտնաբերված թուլությունները և անորոշությունները,

ը/ անհրաժեշտության դեպքում, մոնիտորինգի և կառավարման ծրագրերի, ինչպես նաև հետծրագրային վերլուծության բոլոր պլանների համառոտ բովանդակությունը,

թ/ անհրաժեշտության դեպքում, ոչ տեխնիկական բնույթի համառոտագիր նյութերի ներկայացման վիզուալ միջոցների /քարտեզների, գրաֆիկների/ օգտագործմամբ:

ՀԱՎԵԼՎԱԾ 3

1-ին Հավելվածում չընդգրկված գործունեության տեսակների էկոլոգիական նշանակությունը որոշող ընդհանուր չափանիշներ

1. Պլանավորված գործունեության այն տեսակների քննարկման ժամանակ, որոնց նկատմամբ կիրառվում են 2-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, շահագրգիռ Կողմերը կարող են քննարկել այն հարցը, թե կարող է արդյոք գործունեության տվյալ տեսակը զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն գործել, մասնավորապես` ստորև թվարկված մի կամ մի քանի չափանիշների հիման վրա.

ա/ ծավալներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնց ծավալները գործունեության տվյալ տեսակի համար խոշոր են,

բ/ շրջան. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք իրականացվում են էկոլոգիայի տեսակետից հատկապես զգայուն կամ կարևոր շրջաններում կամ դրանց անմիջական հարևանությամբ (օրինակ, Ռամսարյան կոնվենցիայով սահմանված խոնավ հողերը, ազգային այգիները, բնական արգելանոցները, հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող գոտիները, հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանները). նաև պլանավորված գործունեության տեսակներ այն շրջաններում, որտեղ պլանավորված տնտեսական գործունեության առանձնահատկությունները կարող են զգալի ազդեցություն գործել բնակչության վրա,

գ/ հետևանքներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք գործում են հատկապես բարդ և պոտենցիալ վնասակար ազդեցություն, այդ թվում` այնպիսի ազդեցություն, որը լուրջ հետևանքներ է առաջացնում մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակների և օրգանիզմների համար, սպառնալիք են հանդիսանում ազդեցության ենթարկված շրջանի ներկայիս կամ հետագա օգտագործման համար և հանգեցնում են լրացուցիչ բեռնվածության առաջացմանը, որը գերազանցում է արտաքին ազդեցությունների հանդեպ շրջակա միջավայրի կայունության մակարդակը:

2. Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը քննարկում են պլանավորվող գործունեության այն տեսակները, որոնք իրականացվում են միջազգային սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև պլանավորված գործունեության այն տեսակները, որոնք իրականացվում են ավելի հեռավոր շրջաններում և որոնք կարող են զգալի անդրսահմանային ազդեցություն գործել տնտեսական գործունեության իրականացման վայրից մեծ հեռավորության վրա:

ՀԱՎԵԼՎԱԾ 4

Հարցում կատարելու ընթացակարգ

1. Հարցող Կողմը կամ Կողմերը քարտուղարությանը ծանուցում է այն մասին, որ նա սույն հավելվածի դրույթներին համապատասխան ստեղծվող հարցումների հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այն հարցը, թե արդյոք 1-ին հավելվածում ընդգրկված պլանավորված գործունեության տեսակներից որևէ մեկը կարող է զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն գործել: Ծանուցման մեջ նշվում է հարցման առարկան: Քարտուղարությունն անմիջապես ծանուցում է սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին այդ հարցման մասին:

2. Հարցման հանձնաժողովը կազմված է երեք անդամից: Հարցող Կողմը և հարցման ընթացակարգին առնչություն ունեցող այլ Կողմը նշանակում են մեկական գիտական կամ տեխնիկական փորձագետ, և այդ կերպով նշանակված երկու փորձագետները, փոխադարձ համաձայնությամբ, նշանակում են երրորդ փորձագետին, որը դառնում է հարցման հանձնաժողովի նախագահը: Վերջինս չի հանդիսանում հարցման ընթացակարգին առնչություն ունեցող որևէ Կողմի քաղաքացի, մշտապես չի բնակվում այդ Կողմերից որևէ մեկի տարածքում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ չի գտնվում և տվյալ գործին ոչ մի այլ կերպ առնչություն չի ունեցել:

3. Եթե երկրորդ փորձագետին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում հարցման հանձնաժողովի նախագահ չի նշանակվում, ապա նրան Կողմերից մեկի խնդրանքով հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:

4. Եթե հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերից մեկը քարտուղարությունից ծանուցում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում փորձագետ չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը նշանակում է հարցման հանձնաժողովի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես, հարցման հանձնաժողովի նախագահը դիմում է փորձագետ չնշանակած Կողմին մեկ ամսվա ընթացքում փորձագետ նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես, նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այդ փորձագետին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:

5. Հարցման հանձնաժողովի կանոնակարգերը սահմանում է ինքը` հանձնաժողովը:

6. Հարցման հանձնաժողովը կարող է ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցներն իր պարտականությունների կատարումն ապահովելու համար:

7. Հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերը օժանդակում են հարցման հանձնաժողովի աշխատանքներին` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները.

ա/ հանձնաժողովին են տրամադրում համապատասխան փաստաթղթերը և տեղեկությունները, ապահովում են համապատասխան պայմաններով,

բ/ անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովին հնարավորություն են ընձեռում կանչել վկաներ կամ փորձագետներ և լսել նրանց ցուցմունքները:

8. Կողմերը և փորձագետներն ապահովում են իրենց կողմից հանձնաժողովի աշխատանքների ընթացքում գաղտնի կերպով ստացված բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:

9. Եթե հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերից մեկը չի ներկայանում հարցման հանձնաժողով կամ չի կարողանում ներկայացնել իր գործը, ապա այլ Կողմը կարող է հարցման հանձնաժողովին դիմել, որպեսզի այն շարունակի քննությունը և ավարտին հասցնի իր աշխատանքը: Հարցման հանձնաժողովում Կողմերից մեկի բացակայությունը կամ սեփական գործը չներկայացնելը խոչընդոտ չեն հանդիսանում հարցման հանձնաժողովի աշխատանքները շարունակելու և ավարտելու համար:

10. Եթե հարցման հանձնաժողովը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա հանձնաժողովի ծախսերը` ներառյալ անդամների վարձատրությունը, Կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Հարցման հանձնաժողովը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:

11. Ցանկացած Կողմ, որը հարցման գործում ունի իր շահերը կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի հանձնաժողովի համաձայնությամբ մասնակցելու հարցման քննությանը:

12. Կանոնակարգերի մասին հարցումների հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Հարցումների հանձնաժողովի վերջնական կարծիքն արտացոլում է իր անդամների մեծամասնության կարծիքը և իր մեջ է ներառում ցանկացած հատուկ կարծիք:

13. Հարցումների հանձնաժողովն իր վերջնական կարծիքը ներկայացնում է իր ձևավորման օրվանից երկու ամսվա ընթացքում, եթե միայն նա անհրաժեշտ չհամարի այդ ժամկետը երկարաձգել ոչ ավելի, քան երկու ամսով:

14. Հարցումների հանձնաժողովի վերջնական կարծիքը հիմնվում է համընդհանուր գիտական սկզբունքների վրա: Հարցումների հանձնաժողովն իր վերջնական կարծիքն ուղղում է հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերին և քարտուղարությանը:

ՀԱՎԵԼՎԱԾ 5

Հետծրագրային վերլուծություն

Նպատակները ներառում են.

ա/ գործունեության տվյալ տեսակի իրականացման թույլտվությամբ նախատեսված կամ հաստատման ժամանակ սահմանված պայմանների կատարման և ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցների արդյունավետության վերահսկումը,

բ/ ազդեցության եղանակի վերլուծությունը` կառավարման համապատասխան մակարդակի առկայությունը և անորոշության պայմաններում համապատասխան գործողությունների իրականացումն ապահովելու նպատակով,

գ/ նախորդ կանխատեսումների ստուգումը` կուտակված փորձն ապագայում գործունեության համանման տեսակների իրականացման ժամանակ օգտագործելու նպատակով:

ՀԱՎԵԼՎԱԾ 6

Երկկողմ և բազմակողմ համագործակցության բաղադրիչներ

1. Շահագրգիռ Կողմերը կարող են անհրաժեշտության դեպքում ստեղծել ինստիտուցիոնալ մեխանիզմներ կամ ընդլայնել գործող ինստիտուցիոնալ մեխանիզմների լիազորությունները երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում` սույն Կոնվենցիայի դրույթների լիարժեք կիրառման նպատակով:

2. Երկկողմ և բազմակողմ համաձայնագրերը և այլ պայմանավորվածությունները կարող են ներառել.

ա/ սույն Կոնվենցիայի կիրառման համար լրացուցիչ պահանջների սահմանում` հաշվի առնելով համապատասխան ենթաշրջանում առկա պայմանները,

բ/ ինստիտուցիոնալ, վարչարարական և այլ բնույթի այնպիսի պայմանավորվածությունների մշակում, որոնք հիմնված են փոխադարձության և համահավասարության սկզբունքների վրա,

գ/ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրենց քաղաքականության և կիրառվող միջոցների ներդաշնակեցում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանն առնչվող նորմերը և մեթոդները համանմանության առավելագույն աստիճանի հասցնելու նպատակով,

դ/ ազդեցության բնորոշման, չափման, կանխատեսման և գնահատման, ինչպես նաև հետծրագրային վերլուծության իրականացման մեթոդների մշակում, կատարելագործում և/կամ ներդաշնակեցում,

ե/ շրջակա միջավայրի որակական հատկանիշներին վերաբերող համեմատելի տվյալների հավաքագրման, վերլուծության, պահպանման և յուրաժամանակ տարածման մեթոդների և ծրագրերի մշակում և/կամ կատարելագործում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար ելակետային տվյալների առկայությունն ապահովելու նպատակով,

զ/ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակա պլանավորված գործունեության իրականացման վայրի, բնույթի և ծավալների հետ կապված անդրսահմանային ազդեցության նշանակությունը բնորոշող շեմային մակարդակների և ավելի հստակ չափանիշների սահմանում, ինչպես նաև անդրսահմանային աղտոտման կրիտիկական մակարդակի սահմանում,

է/ անհրաժեշտության դեպքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության համատեղ գնահատում, մոնիտորինգի ծրագրերի համատեղ մշակում, մոնիտորինգի համար օգտագործվող սարքերի աստիճանանշման միասնականացում ու ստացվող տվյալների և տեղեկատվության համատեղելիությունն ապահովող մեթոդների ներդաշնակեցում:

ՀԱՎԵԼՎԱԾ 7

Իրավարարություն

1. Հայցվոր Կողմը կամ Կողմերը քարտուղարությանը ծանուցում են այն մասին, որ Կողմերը պայմանավորվել են վեճը սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հանձնել միջնորդ դատարան: Ծանուցման մեջ նշվում է իրավարարական հետաքննության առարկան` ներառյալ սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնց մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագել է վեճը: Քարտուղարությունը փոխանցում է այս կերպ ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:

2. Միջնորդ դատարանը կազմված է երեք անդամներից: Ինչպես հայցվոր Կողմը կամ Կողմերը, այնպես էլ վեճի մեջ ընդգրկված այլ Կողմը կամ Կողմերը, նշանակում են մեկական իրավարար, և այս կերպ նշանակված երկու իրավարարները նշանակում են երրորդին, որը կատարում է միջնորդ դատարանի նախագահի պարտականությունները: Վերջինս չի կարող վեճի մեջ ընդգրկված որևէ Կողմի քաղաքացի հանդիսանալ, մշտապես բնակվել այդ Կողմերից որևէ մեկի տարածքում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ գտնվել և տվյալ գործին որևէ կերպ առնչություն ունենալ:

3. Եթե երկրորդ իրավարարին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում միջնորդ դատարանի նախագահ չի նշանակվում, ապա նրան Կողմերից մեկի առաջարկությամբ հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:

4. Եթե վեճի մեջ ընդգրկված Կողմերից մեկը առաջարկությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում իրավարար չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը նշանակում է միջնորդ դատարանի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես, միջնորդ դատարանի նախագահը դիմում է իրավարար չնշանակած Կողմին երկու ամսվա ընթացքում փորձագետ նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես, նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այդ իրավարարին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:

5. Միջնորդ դատարանն իր որոշումներն ընդունում է միջազգային իրավունքի նորմերին և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

6. Սույն հավելվածին համապատասխան հիմնադրվող ցանկացած միջնորդ դատարան սահմանում է իր սեփական կանոնակարգերը:

7. Միջնորդ դատարանի ինչպես ընթացակարգային հարցերով, այնպես էլ գործի բնույթով որոշումներն ընդունվում են դրա անդամների ձայների մեծամասնությամբ:

8. Դատարանը կարող է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները փաստերը բացահայտելու համար:

9. Վեճի կողմերը օժանդակում են միջնորդ դատարանի աշխատանքներին` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները.

ա/ դատարանին տրամադրում են համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ, ապահովում են համապատասխան պայմանների առկայությունը,

բ/ անհրաժեշտության դեպքում, դատարանին հնարավորություն են ընձեռում կանչել վկաներ կամ փորձագետներ և լսել նրանց ցուցմունքները:

10. Կողմերը և փորձագետներն ապահովում են իրենց կողմից իրավարարական հետաքննության ընթացքում գաղտնի կերպով ստացված բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:

11. Միջնորդ դատարանը կողմերից մեկի խնդրանքով կարող է առաջարկել ժամանակավոր պաշտպանական միջոցներ ձեռնարկել:

12. Եթե վեճի կողմերից մեկը չի ներկայանում միջնորդ դատարան կամ չի կարողանում մասնակցել իր գործի հետաքննությանը, ապա այլ կողմը կարող է դատարանին դիմել, որպեսզի այն շարունակի հետաքննությունը և վերջնական որոշում կայացնի: Միջնորդ դատարանում կողմերից մեկի բացակայությունը կամ սեփական գործի հետաքննությանը չմասնակցելը խոչընդոտ չեն հանդիսանում հետաքննության համար: Մինչև վերջնական որոշում կայացնելը միջնորդ դատարանը պետք է համոզվի հայցի փաստացի և իրավաբանական հիմնավորվածության մեջ:

13. Միջնորդ դատարանը կարող է լսել նաև անմիջականորեն վեճի առարկայից ծագող հակադարձ հայցերը և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ:

14. Եթե միջնորդ դատարանը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա դատական ծախսերը` ներառյալ դատարանի անդամների վարձատրությունը, վեճի կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Միջնորդ դատարանը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:

15. Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ, որը վեճի առարկայում ունի իր շահերը կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի դատարանի համաձայնությամբ մասնակցելու հետաքննությանը:

16. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է հիմնադրման օրվանից հինգ ամսվա ընթացքում, եթե միայն անհրաժեշտ չի համարում այդ ժամկետը երկարաձգել հինգ ամիսը չգերազանցող ժամանակահատվածով:

17. Միջնորդ դատարանի որոշումն ուղեկցվում է պատճառների բացատրությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր է վեճի բոլոր կողմերի համար: Միջնորդ դատարանն իր որոշման մասին տեղեկացնում է վեճի անդամներին և քարտուղարությանը: Քարտուղարությունն ուղարկում է ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:

18. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել կողմերի միջև դատարանի որոշման մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ, կարող է հանձնվել այդ որոշումն ընդունած միջնորդ դատարան կամ, վերջինիս ծառայություններից օգտվելու անհնարինության դեպքում` մեկ այլ դատարան, որը հիմնադրվում է համաձայն միևնույն կարգի և միևնույն նպատակների համար, ինչ առաջին դատարանը:

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի սեպտեմբերի 10-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։