Հոդված 3
Հոդված 3
Ծանուցում
1. 1-ին հավելվածում նշված պլանավորված գործունեության այն տեսակի վերաբերյալ, որը կարող է զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն գործել, ծագման Կողմը, 5-րդ հոդվածին համապատասխան, արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում, ծանուցում է այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, սակայն ոչ ուշ, քան այն կտեղեկացնի իր երկրի հանրությանը պլանավորված գործունեության մասին:
2. Ծանուցման մեջ նշվում են.
ա/ տեղեկություններ պլանավորված գործունեության տեսակի մասին` ներառյալ դրա հավանական անդրսահմանային ազդեցության մասին ցանկացած առկա տեղեկությունները,
բ/ հնարավոր որոշման բնույթը, և
գ/ այն ժամկետը, որի ընթացքում սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն պահանջվում է պատասխան ներկայացնել` հաշվի առնելով պլանավորված գործունեության բնույթը,
ինչպես նաև կարող է պարունակել սույն հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկությունները:
3. Ազդեցության ենթարկված Կողմը ծագման Կողմին պատասխանը ներկայացնում է ծանուցման մեջ նշված ժամկետներում` հաստատելով ծանուցման ստացումը, և նշում է, թե արդյոք մտադրված է մասնակցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգին:
4. Եթե ազդեցության ենթարկված Կողմը նշում է, որ մտադրված չէ մասնակցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգին, կամ եթե այն պատասխան չի ներկայացնում ծանուցման մեջ նշված ժամկետներում, ապա սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ կետերի և 4-ից 7-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվում: Այս հանգամանքներում ծագման Կողմի` իր ազգային օրենսդրության և պրակտիկային համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտությունը որոշելու իրավունքը չի սահմանափակվում:
5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգին մասնակցելու իր մտադրության մասին ազդեցության ենթարկված Կողմի պատասխանն ստանալուց հետո, ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմին տրամադրում է, եթե նախկինում արդեն չի տրամադրել.
ա/ համապատասխան տեղեկություններ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգի վերաբերյալ` նշելով նաև դիտողությունների ներկայացման ժամկետները,
բ/ համապատասխան տեղեկություններ պլանավորված գործունեության և դրա հավանական զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության մասին:
6. Ծագման Կողմի խնդրանքով ազդեցության ենթարկված Կողմը առաջինիս տրամադրում է իր իրավազորության ներքո գտնվող տարածքում պոտենցիալ ազդեցության ենթարկված շրջակա միջավայրի մասին առկա տեղեկությունները, եթե դրանք անհրաժեշտ են շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ փաստաթղթերի պատրաստման համար: Այդ տեղեկությունները տրամադրվում են անհապաղորեն և, անհրաժեշտության դեպքում, համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է:
7. Եթե որևէ Կողմ համարում է, որ այն ազդեցության կենթարկվի 1-ին հավելվածում նշված պլանավորված գործունեության տեսակի զգալի վնասակար ազդեցության արդյունքում, և եթե, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ոչ մի ծանուցում չի ստացվել, ապա ազդեցության ենթարկված Կողմի խնդրանքով շահագրգիռ Կողմերն իրականացնում են տեղեկատվության փոխանակում` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության առաջացման հավանականության հարցի քննարկման նպատակով: Եթե այդ Կողմերը համաձայնում են, որ վնասակար անդրսահմանային ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, ապա կիրառվում են սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթները: Եթե Կողմերն այն հարցի շուրջ, որ վնասակար անդրսահմանային ազդեցություն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, համաձայնության չեն գալիս, ապա այդ Կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ հարցը 4-րդ հավելվածի դրույթներին համապատասխան ներկայացնել հարցումների հանձնաժողովի քննարկմանը` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության հավանականության վերաբերյալ իր կարծիքին ծանոթանալու նպատակով, եթե Կողմերը համաձայնության չեն եկել, այդ հարցը որևէ այլ եղանակով կարգավորելու մասին:
8. Շահագրգիռ Կողմերն ապահովում են, որ ազդեցության ենթարկված Կողմի հանրությունն այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն տեղեկացված լինի և հնարավորություն ունենա իր դիտողություններն ու առարկությունները ներկայացնել պլանավորված գործունեության վերաբերյալ, և որ այդ դիտողություններն ու առարկությունները փոխանցվեն ծագման Կողմի իրավասու մարմնին` ուղղակիորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ծագման Կողմի միջոցով: