Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 26

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 26.

Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված ապօրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

ա) անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

բ) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:

Սույն հոդվածը չի կիրառվում`

ա) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ,

բ) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով,

գ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:

(26-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-289, 11.12.02 ՀՕ-484-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն, 27.11.06 ՀՕ-188-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-253-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-197-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։