Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 28

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 28.

Հարկ վճարողի կողմից սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքների) տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման`

1) երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով.

2) երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով:

Սույն հոդվածի կիրառման իմաստով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ`

1) գործարքը կամ գործողությունը օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու պահին կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված վավերապայմաններին բավարարող ուղեկցող փաստաթղթերի կամ

2) օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու պահին առկա է գործարքի կամ գործողության գծով ուղեկցող փաստաթուղթը, որը, սակայն, սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգով գրանցված չէ:

Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ մինչև տուգանքի գումարի վճարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա դրվում է արգելանք: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում խախտման հայտնաբերման պահին անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու համար՝ ապահովելով մինչև խախտման հայտնաբերման օրվա ավարտը արգելադրման մասին որոշման կայացումը և պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնումը հարկ վճարողին: Ապրանքի արգելադրման մասին որոշման մեջ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրված ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Արգելադրումն իրականացվում է ապրանքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով: Արգելանքը դրվում է հարկ վճարողի անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է երեք ամսից:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում արգելադրման համար հիմք հանդիսացած խախտման համար սույն հոդվածով սահմանված տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելու պահից:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:

Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն պարբերությունում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ:

(28-րդ հոդվածը խմբ. 28.09.98 ՀՕ-251, փոփ. 14.12.01 ՀՕ-289, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, 25.12.03 ՀՕ-53-Ն, 16.12.05 ՀՕ-260-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, 11.05.11 ՀՕ-154-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։