Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 30.2

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 30.2.

Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային պարտավորությունների չափով:

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:

Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, չկատարված պարտավորության չափը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:

Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև այլ անձանց ու մարմիններ:

Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8.00-ից մինչև 18.00-ն:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքելու պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչև 6 ամիս ժամկետով: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում հարկ վճարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ արգելանքի կիրառումը ակնհայտորեն վտանգում է իր գործունեությունը, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկ վճարողի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց: Սույն մասով նախատեսված ժամանակացույց կնքելու լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության դադարման, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն չներկայացնելու կամ հարկ վճարողի հետ սույն հոդվածում նշված պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերում գույքի արգելադրման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:

Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ 29.1 հոդվածով սահմանված կարգով կնքված պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:

Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Հարկ վճարողի գույքի արգելադրում իրականացնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

Հարկ վճարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

(30.2-րդ հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 05.12.13 ՀՕ-140-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։