Հոդված 7
Հոդված 7
Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումային վեճերի կարգավորումը
1. Ներդրման հետ կապված ցանկացած վեճի մասին, որը կծագի մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև, գործողություններ նախաձեռնող կողմը պետք է գրավոր տեղեկացնի մյուս կողմին: Ծանուցումը կուղեկցվի պատշաճ մանրամասնությամբ ներկայացված հուշագրով:
2. Վիճող կողմերի միջև հուշագրի ներկայացումից հետո 6 ամսվա ընթացքում բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով վեճի կարգավորման անհնարինության դեպքում վեճը, ներդրողի հայեցողությամբ, ներկայացվում է կամ ներդրման երկրի իրավասու դատավարության կամ էլ միջազգային միջնորդ դատարանի քննությանը: Եթե ներդրողը վեճը ներկայացրել է վերոհիշյալ ազգային դատավարության կամ միջազգային միջնորդ դատավարության քննությանը, ապա այդ ընթացակարգերից մեկի կամ մյուսի ընտրությունը պետք է վերջնական լինի, եթե վեճին մասնակից կողմերը այլ համաձայնության չեն եկել:
Վերջինիս դեպքում Պայմանավորվող կողմերը նախապես համաձայնում են սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նշված վեճը անվերապահորեն ներկայացնել միջազգային արբիտրաժին՝ սույն հոդվածի դրույթների համաձայն: Այսպիսի համաձայնությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հրաժարվում է պահանջել, որ սպառված լինեն վեճի կարգավորման համար առկա բոլոր տեղական վարչական կամ դատական միջոցները:
3. Միջազգային արբիտրաժային դատավարության դեպքում, ներդրողի հայեցողությամբ, վեճը ներկայացվում է ներքոհիշյալ կազմակերպություններից որևէ մեկին.
- Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID)՝ Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի հիման վրա կամ վերջինիս քարտուղարության կողմից ղեկավարվող Վարույթների լրացուցիչ հաստատությունների կանոնների համաձայն,
- ad hoc արբիտրաժային դատարան, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի կողմից հաստատված Արբիտրաժային կանոնների համաձայն:
4. Վեճին մասնակցող Պայմանավորվող կողմերը պարտավորվում են արբիտրաժային գործընթացի կամ արբիտրաժային որոշման իրականացման ցանկացած փուլում չբողոքարկել այն հանգամանքը, որ մյուս Կողմի ներդրողը, սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում նշված որևէ ապահովագրական քաղաքականության կամ տրամադրած երաշխիքների համաձայն, ստացել է վնասների լիովին կամ մասնակի փոխհատուցում:
5. Միջնորդ դատարանը վճիռ է կայացնում՝ առաջնորդվելով ներդրում ընդունող Պայմանավորվող կողմի ազգային օրենքներով, ներառյալ կոլիզիոն իրավունքի նորմերը, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներով, ներդրումների հետ կապված՝ գոյություն ունեցող հատուկ համաձայնագրերով և միջազգային իրավունքի սկզբունքներով:
6. Միջնորդ դատարանի վճիռը վերջնական և պարտադիր է վեճի մասնակից կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է իրականացնել վճիռն իր ազգային օրենսդրությանը համապատասխան:
7. Կողմերից ոչ մեկը չի նախաձեռնի միջազգային հայց կապված սույն հոդվածի ընթացակարգերի համաձայն ներկայացված վեճի հետ, քանի դեռ մյուս Կողմը հրաժարվում է կատարել կամ չի ենթարկվում միջնորդ դատարանի վճռին, կամ վերջին Կողմի դատական մարմինները խախտում են միջազգային իրավունքի կանոնները, ներառյալ արդարադատությունից և սույն Համաձայնագրի դրույթներից հրաժարումը: