Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Բազմակի մուտքի վիզաների տրամադրումը

1. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները մինչև 5 տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզաներ են տրամադրում քաղաքացիների հետևյալ կատեգորիաներին.

ա) անդամ պետությունների տարածքներում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող ամուսիններին, երեխաներին (ներառյալ որդեգրվածները), որոնց 21 տարին չի լրացել կամ գտնվում են խնամքի տակ, և ծնողներին (ներառյալ խնամակալները),

բ) ազգային և տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամներին, ովքեր սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից` իրենց պարտականությունները կատարելիս,

գ) պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամներին, որոնք Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերների հիման վրա, կանոնավոր կերպով պետք է մասնակցեն հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջկառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

Շեղում կատարելով` այն դեպքերում, երբ հաճախակի կամ պարբերաբար ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտորեն սահմանափակվում է ավելի կարճ ժամանակահատվածով, բազմակի մուտքի վիզայի վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով, մասնավորապես, եթե.

- «ա» կետում նշված անձանց դեպքում` Միությունում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիների օրինական բնակվելու թույլտվության վավերականության ժամանակահատվածը,

- «բ» կետում նշված անձանց դեպքում` պաշտոնավարման ժամկետը,

- «գ» կետում նշված անձանց դեպքում` պաշտոնական պատվիրակության մշտական անդամի կարգավիճակի վավերականության ժամկետը հինգ տարուց պակաս է:

2. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները մինչև մեկ տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզաներ են տրամադրում հետևյալ անձանց կատեգորիաներին՝ պայմանով, որ նախորդ տարվա ընթացքում նրանք ստացել են նվազագույնը մեկ վիզա և օգտվել դրանից` այցելած անդամ պետության մուտքի և գտնվելու վերաբերյալ օրենքներին համապատասխան.

ա) պաշտոնական պատվիրակությունների անդամներին, որոնք Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա, կանոնավոր կերպով մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջկառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին,

բ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց, որոնք կանոնավոր կերպով ճամփորդություն են ձեռնարկում անդամ պետություններ՝ կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,

գ) միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, սեմինարների կամ այլ նմանատիպ միջոցառումների մասնակցող մասնագետներին, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են անդամ պետություններ,

դ) գիտական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձանց՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են անդամ պետություններ,

ե) ուսանողներին և հետբուհական ուսուցում ստացող անձանց, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի շրջանակում,

զ) քույր քաղաքների կամ այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցներին,

է) բուժական նպատակներով կանոնավոր այցելությունների կարիք ունեցող անձանց և անհրաժեշտ ուղեկցող անձանց,

ը) լրագրողներին և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմին,

թ) գործարարներին և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կանոնավոր կերպով ճամփորդում են անդամ պետություններ,

ժ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներին և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց,

ժա) Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդներին, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ:

Շեղում կատարելով առաջին նախադասությունից` եթե հաճախակի կամ կանոնավոր ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտորեն սահմանափակվում է ավելի կարճ ժամանակահատվածով, ապա բազմակի մուտքի վիզայի վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով:

3. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները առնվազն 2 տարվա և առավելագույնը 5 տարվա վավերականությամբ բազմակի վիզաներ են տրամադրում սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված քաղաքացիների կատեգորիաներին՝ պայմանով, որ նախորդ 2 տարվա ընթացքում նրանք օգտվել են մեկ տարվա բազմակի մուտքի վիզաներից` այցելած անդամ պետության` մուտքի և գտնվելու վերաբերյալ օրենքներին համապատասխան, եթե հաճախակի կամ կանոնավոր կերպով ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտ կերպով չի սահմանափակվում ավելի կարճ ժամանակահատվածով. այդ դեպքում բազմակի մուտքի վիզաների վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով:

4. Սույն հոդվածի 1-3-րդ պարբերություններում նշված անձանց` անդամ պետությունների տարածքներում գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը չի գերազանցում 90 օրը յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։