Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումը
1. Յուրաքանչյուր անձ կարող է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով դիմում ներկայացնել վերջինիս` մաքսային օրենսդրության կիրառման ընթացակարգերի վերաբերյալ նախնական որոշում ստանալու նպատակով: Նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից կարող է չտրամադրվել, եթե կապված չէ կոնկրետ գործարքի հետ: Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումն իրականացվում է վճարովի` սույն օրենսգրքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում: Այն դեպքերում, երբ մաքսային մարմինն իրականացնում է նախնական որոշման տրամադրման հետ կապված ծախսեր, դիմումատուն մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, վճարում է նաև մաքսային մարմնի կողմից իրականացված ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
2. Մաքսային մարմնի նախնական որոշումը կիրառվում է մաքսային մարմնի և այդ տեղեկատվությունը տնօրինողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծածկագրերին համապատասխան:
3. Մաքսային մարմնի նախնական որոշումը կիրառվում է միայն տեղեկատվության տրամադրման պահից հետո իրականացվող գործարքների մասով:
4. Մաքսային մարմնի նախնական որոշումը գործում է տրամադրման օրից՝ երեք տարի:
5. Մաքսային մարմնի նախնական որոշումը դադարում է գործել, երբ՝
ա) օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվում են որոշման մեջ ներկայացված տեղեկատվությանն առնչվող դրույթները.
բ) փոփոխություն է կատարվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում.
գ) փոփոխություններ են կատարվում միջազգային պայմանագրերի անդամակցության շրջանակներում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են նախնական որոշմանը:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված դեպքերում նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է օգտագործվել առավելագույնը դրա վերաբերյալ պաշտոնական հրապարակումից կամ դիմումատուին տեղեկացումից հետո ևս վեց ամիս, եթե մինչև տեղեկատվության գործողության դադարման վերաբերյալ պաշտոնական հրապարակումը կամ տեղեկացումը դիմումատուի կողմից կնքվել է համապատասխան ապրանքների ձեռք բերման կամ իրացման պայմանագիր: Նախնական որոշման տնօրինողը եռօրյա ժամկետում տեղեկացվում է այդպիսի որոշման գործողության դադարեցման վերաբերյալ:
7. Մաքսային մարմինների տրամադրած նախնական որոշումը կարող է կիրառվել հետևյալ նպատակներով՝
ա) արտահանման կամ ներմուծման ժամանակ վճարման ենթակա վճարների որոշման համար.
բ) արտահանման ժամանակ գերավճարները վերադարձնելու համար.
գ) մաքսային ձևակերպումների նպատակներով պահանջվող ոչ սակագնային կարգավորման միջոցների որոշման համար:»: