Հոդված 11
Հոդված 11.
Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. Մաքսային միջնորդը (բրոքերը)
1. Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է, որը հանդես է գալիս իր և ապրանքներ տեղափոխող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
2. Մաքսային միջնորդի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է ունենալ բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման երաշխիք կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` տարեկան առնվազն՝
ա) 150 մլն դրամի չափով` 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը իրականացվող գործունեության համար.
բ) 300 մլն դրամի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվող գործունեության համար:
3. Մաքսային միջնորդն իր և ապրանքներ տեղափոխող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա կարող է հանդես գալ՝
ա) ուղղակի` երբ միջնորդը գործում է ապրանքներ տեղափոխող անձի անունից և նրա հաշվին, այսինքն` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու, իսկ հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն է կրում տեղափոխողը.
բ) անուղղակի` երբ միջնորդը գործում է իր անունից և տեղափոխողի միջոցների հաշվին, այսինքն` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու և պատասխանատվություն է կրում հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար:
4. Նախքան մաքսային հսկողության հետ կապված գործողություններ իրականացնելը միջնորդը մաքսային մարմիններ հայտարարում է իր` ուղղակի կամ անուղղակի հանդես գալու հանգամանքը` հաստատելով դա համապատասխան լիազորագրով: Մաքսային մարմիններին լիազորագիրը չներկայացնելու դեպքում միջնորդը համարվում է իր անունից և իր միջոցների հաշվին գործող:
5. Ուղղակի հանդես գալու դեպքում միջնորդի կողմից իրականացվող մաքսային ձևակերպումների հետ կապված գործունեության ընթացքում ի հայտ եկած մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը, իսկ անուղղակի հանդես գալու դեպքում պատասխանատվությունը կրում է միջնորդը, ինչպես սույն օրենսգրքով նախատեսված` բանկային կամ վարկային կազմակերպության երաշխիքի կամ ապահովագրական ընկերության տրամադրած ծածկույթի, այնպես էլ դրանցով նախատեսված միջոցների սպառման դեպքում` սեփական միջոցների հաշվին:
6. Մաքսային միջնորդի (բրոքերի) և ապրանքներ տեղափոխող անձի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նրանց միջև կնքված պայմանագրով:»: