Հոդված 27
Հոդված 27.
Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին թղթային եղանակով հայտարարագրման դեպքում կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում:
Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, որի կապակցությամբ թղթային եղանակով հայտարարագրման դեպքում մաքսային մարմնի, իսկ էլեկտրոնային հայտարարագրման ժամանակ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից մաքսային հայտարարագրի վրա նշվում են գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գրանցված մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` թղթային եղանակով հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում: Գրանցված հայտարարագրում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինը բանավոր կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով տեղեկացնում է հայտարարատուին նշվածի վերաբերյալ, որի կապակցությամբ հայտարարատուն ներկայացնում է ուղղված հայտարարագիր` կատարելով համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ:
Հայտարարատուի ստորագրած թղթային կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից, որի կապակցությամբ հայտարարագրին տրվում է ընդունման հերթական համար, և նշվում են ամսաթիվը, ամիսը և տարին: Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագրի ներկայացման ժամանակ ավտոմատ հայտարարագրման համակարգի միջոցով ծանուցում ներկայացնել մաքսային մարմին` հայտարարագրված ապրանքները և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով զննման ներկայացնելու պատրաստակամության վերաբերյալ:
Հայտարարագրի ընդունումից հետո ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվում է մաքսային հսկողության ուղու ընտրություն:
Թղթային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից ներմուծվում են հայտարարագրման ավտոմատ համակարգ` ընդունվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»: