Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ հոդվածներով.
«Հոդված 17.1. Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների կայացումը
1. Սույն օրենսգրքի իմաստով նախնական որոշում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային օրենսդրությանը համապատասխան տրամադրվող փաստաթուղթը, որն իրավական ուժ ունի ինչպես որոշումը ստացող, այնպես էլ այն անձանց համար, որոնք մաքսային մարմնից նախնական որոշում ստանալու համար ներկայացնում են նույն տեղեկատվությունը: Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված նախնական որոշումների ստացման համար դիմում ներկայացրած անձը պետք է տրամադրի բոլոր այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք պահանջվում են մաքսային մարմինների կողմից այդ որոշման տրամադրման համար:
2. Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմին դիմումը ներկայացնելու օրվանից եռամսյա ժամկետում: Եթե մաքսային մարմինը սույն օրենսգրքով սահմանված ժամկետում չի կարող տրամադրել համապատասխան որոշում, ապա ներկայացված դիմումի ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով: Այդ դեպքում մաքսային մարմինը մինչև ժամկետի ավարտը տեղեկացնում է դիմումատուին ժամկետի երկարաձգման և դրա պատճառների մասին, ինչպես նաև տեղեկացնում է որոշման կայացման նոր ժամկետի վերաբերյալ:
3. Մաքսային մարմինների տրամադրած նախնական որոշումը պետք է գրավոր հիմնավորված լինի և կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով` ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:
4. Մաքսային մարմնի կայացրած նախնական որոշումը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն ընդունվել է ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների հիման վրա և՝
ա) առկա է հիմնավորված ապացույց, որ դիմումատուին հայտնի է եղել կամ պետք է հայտնի լիներ տեղեկությունների ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք լինելը.
բ) այդպիսի որոշում չէր կարող ընդունված լինել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության հիման վրա:
5. Անվավեր ճանաչված որոշման գործողությունը դադարում է այն օրից, երբ ընդունվել է որոշում նախնական որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
6. Նախնական որոշումն անվավեր ճանաչելու դեպքում մաքսային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է այն անձին, որին տրամադրվել է այդ որոշումը:
7. Մաքսային մարմնի տրամադրած նախնական որոշումն անվավեր է ճանաչվում նաև սույն հոդվածով թվարկված դեպքերից բացի այլ դեպքերում, եթե այդպիսի որոշման ընդունման համար չեն պահպանվել սույն օրենսգրքով սահմանված նախապայմանները, կամ այդ նախապայմանները չեն կարող պահպանվել: