Հոդված 10
Հոդված 10.
Օրենսգրքի 220-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 220
. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը
1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները։
2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) վճիռ կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.
3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը)։
4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկված լինելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
3) նշում` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
4) նշում` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:
5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`
1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում`
ա. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
գ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չեն հաստատվել առաջին ատյանի դատարանի կողմից, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.
2) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին`
ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, թե՞ ոչ` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.
3) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.
4) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները.
5) եզրահանգումներ` ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի, անվիճելի փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը.
6) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.
3) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.
4) եզրահանգում` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։
7. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:»։