Հոդված 20
Հոդված 20.
Օրենսգրքի 234-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 234. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որ կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ
3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով դատական սխալ են համարվում 220.4 հոդվածով նախատեսված դեպքերը։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:»։