Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն) ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:
Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության և հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կամ ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։ Բացառություն կարող են կազմել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավարները։».
2) 4-րդ մասը «ընթացակարգերը» բառից հետո լրացնել «, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը,» բառերով.
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ։».
4) 14-րդ մասից հանել «խորհրդի հետ» բառերը, և նույն մասը «կարգով» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.
5) 16-րդ մասը «տնօրենը» բառից հետո լրացնել «(հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը)» բառերով.
6) 17-րդ մասի առաջին պարբերությունը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ուսումնական հաստատության տնօրեն (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար) չի կարող առաջադրվել, ընտրվել (նշանակվել) այն անձը, որը՝
1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.»։