Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ընդհանուր և (կամ) հանրակրթական հիմնական հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-10.9-րդ կետերով.
«10.1) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.
10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.
10.3) ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում.
10.4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է սովորող երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողին.
10.5) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ անձի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.
10.6) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.
10.7) ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.
10.8) անհատական ուսուցման պլան` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները).
10.9) ուսուցչի օգնական` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող.».
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.»: